Մարտի 5-ին Նախիջևանի օդանավակայանին հասցված ԱԹՍ-հարվածի կապակցությամբ Իրանի զինված ուժերը և պաշտոնյաները պաշտոնապես հերքել են Թեհրանի մասնակցությունը։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է, որ Իրանը չի թիրախավորում իր հարևան պետություններին և նման միջադեպի մասին առաջին անգամ է լսում։ Նա ընդգծել է, որ Իրանի պաշտպանական ռազմավարությունը ընտրովի բնույթ է կրում և հարվածներ հասցվում են միայն այն տարածքներին, որտեղ տեղակայված են Իրանի թշնամիների ռազմաբազաները, որոնք օգտագործվում են իրանական քաղաքացիական բնակչության դեմ։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը նույնպես հերքել է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մեղադրանքները՝ դրանք որակելով սիոնիստական ռեժիմի կողմից մուսուլմանական երկրների միջև հարաբերությունները խաթարելու փորձ։ Ադրբեջանը, սակայն, պատասխանատվությունը միանշանակորեն հասցեագրել է Իրանին և պահանջել է անհապաղ պարզաբանումներ։ Բաքուն նաև զգուշացրել է, որ նման դեպքերի կրկնության դեպքում կդիմի պատասխան գործողությունների։

