Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի հետ լարվածությունը կարգավորելու տարբեր դիվանագիտական գործընթացների մանրամասները՝ հավելելով, որ Թեհրանը հույս ունի արդյունքների հասնել առաջիկա օրերին։ Իսկ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին նշել է, որ երկու երկրները կարող են բանակցություններ վարել և հասնել համաձայնության իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Նա ընդգծել է, որ կառուցողական բանակցությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ վստահության վրա, սակայն ներկայումս այդ վստահությունը կորցված է։
Արաղչին նաև նշել է, որ որոշ կողմեր ցանկանում են ԱՄՆ-ին ներքաշել հակամարտության մեջ՝ հանուն սեփական շահերի, սակայն վստահություն ունի, որ նախագահ Թրամփը կարող է ճիշտ որոշումներ կայացնել։ Վերջին շաբաթների ընթացքում Թրամփը բազմիցս հայտնել է, որ հույս ունի Թեհրանի հետ պայմանավորվել հիմնական վիճահարույց թեմաների շուրջ։ Այս հայտարարությունները հնչում են Իրանի մոտակայքում ամերիկյան ուժերի կենտրոնացման ֆոնին, ինչը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում։

