Իրանի արտգործնախարարը միտքն այն մասին, որ Իրանի հետ պատերազմը կարճ կլինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատրանք է անվանել: Այս մասին այսօր նա գրել է թվիթերյան իր էջում:
Զարիֆը թվարկել է Թրամփի մի շարք գաղափարներ, որոնք նա խաղաղությունը վտանգող սխալ հայեցակարգեր է համարում:
«Իրանի հետ կարճ պատերազմը պատրանք է», – գրել է նա:
Նա հավելել է, որ Թրամփի գաղափարն այն մասին, որ պատժամիջոցները պատերազմի այլընտրանք են, սխալ է, պատժամիջոցները հենց պատերազմ են:
Նախարարը նաեւ սխալ է համարել այն ենթադրությունը, որ նա ով սկսում է պատերազմը, նա էլ ավարտում է այն: Նա ընդգծել է, որ բանակցությունները եւ սպառնալիքները բացառում են միմյանց:
Իրանի շուրջ իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ հունիսի 13-ին Օմանի ծոցում երկու լցանավերի վրա ենթադրյալ հարձակումից հետո տեղի էին ունեցել պայթյուններ եւ հրդեհ: ԱՄՆ-ն միջադեպի պատասխանատու էր համարել Իրանին, նրան աջակցել էին Մեծ Բրիտանիան եւ Սաուդյան Արաբիան, իսկ Իրանի ԱԳՆ-ն այդ մեղադրանքները հերքել էր:
Հունիսի 20-ին Իրանի ԶՈՒ-ն խփել էր ԱՄՆ ՌԾՈՒ RQ-4 հետախուզական անօդաչու թռչող սարքը, որից հետո ԱՄՆ-ն, ըստ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության, ռազմական գործողություն էր պատրաստել, որով նախատեսվում էր Իրանի տարածքում 3 օբյեկտների վրա կետային հարված հասցնել: Այս գործողությունը սկսելուց 10 րոպե առաջ Թրամփը հրամայել էր այն չանցկացնել՝ համարելով Թեհրանի գործողություններին ոչ համաչափ: