Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կոչ է արել ամերիկյան պատժամիջոցների վերականգնման պայմաններում ուշադրությունը կենտրոնացնելու արտադրության զարգացման վրա:
«Հատկապես վերջին ամիսներին վատացել են բնակչության կենսապայմանները»,- հայտարարել է նա իրանական Նոր տարվա առթիվ հղած տեսաուղերձում: Այաթոլլան ընդգծել է. «Տնտեսությունն առավել լուրջ ու առաջնային խնդրիր է, որը լուծում է պահանջում»: Նրա խոսքով՝ ամենահրատապ խնդիրները ազգային արժույթի փոխարժեքի կայունացումը, գնողունակության բարձրացումը և արտադրության աճն են:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին նույնպես հանդես է եկել հեռուստատեսությամբ և հայտարարել. «Այդ խնդիրներն սկսվել են ուխտազանցներից ու նրանց գործողություններից, որոնք վերջերս իշխանության են եկել Վաշինգտոնում, բայց դրանց լուծումը մեր ձեռքերում է»: Նա դիմել է երկրի ներսում գործող տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներին և ընդգծել. «Որքան ավելի ամուր է մեր միասնությունը, թշնամին այնքան ավելի պարզորոշ է հասկանում, որ այդ պատժամիջոցներով մեր ազգն ավելի համախմբված է դառնում, այնքան ավելի շուտ նա հուսահատության կհասնի ու կզղջա», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
