Հուլիսի 27-ին՝ երեկոյան, ՌԴ է մեկնել Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Հոսեյն Խանզադին, որին Սանկտ Պետերզբուրգում դիմավորել են ՌԴ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Խանզադին և նրան ընկերակցող զինվորական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է ՌԴ՝ մասնակցելու ՌԴ ռազմածովային ուժերի օրվա առիթով նախատեսված միջոցառումներին:
Օդանավակայանում, ծովակալը պատասխանել է լրագրողների հարցերին: Խանզադին նշել է, որ Ռուսաստանում է իր ռուս գործընկերոջ հրավերով՝ հավելելով, որ այցի ընթացքում քննարկվելու են երկու երկրների ռազմածովային ուժերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և հեռանկարները:
«Ռուսաստանն Իրանի հզոր հարևանն է, որը տարբեր ոլորտներում տարածաշրջանային և գլոբալ ազդեցիկ ուժ է: Իրանն էլ որպես Արևմտյան Ասիայի հզոր երկրներից մեկը, նույնպես ունի տարածաշրջանային և գլոբալ ազդեցության հանարավորություն: Երկու երկրների համագործակցությունն անկասկած, կարող է մեծ ձեռքբերումներ ունենալ համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծովային տարածքների անվտանգության համար»,- ասել է նա: