Ամերիկայի Միացյալ Նահանգները շուրջ 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի և մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարուղար Մայք Պոմպեոն։
«Անցյալ շաբաթ ես Իրանի քաջ ժողովրդին խնդրեցի մեզ ուղարկել Իրանում բողոքների ընթացքում վարչակարգի բռնի գործողությունների ապացույցներ: Այս պահին մենք ստացել ենք շուրջ 20 հազար հաղորդում: ԱՄՆ-ն արդեն միջոցներ է ձեռնարկել Իրանի «ապատեղակատվության նախարարի» դեմ: Առջևում նոր պատժամիջոցներ են»,-գրել է Պոմպեոն Twitter-ի իր էջում:
Last week, I asked the courageous Iranian people to send us evidence documenting the regime’s violent crackdown of #IranProtests. So far, we received nearly 20,000 messages. The U.S. already took action against Iran’s Disinformation Minister. More sanctions are coming. pic.twitter.com/USeOpdJC9A
— Secretary Pompeo (@SecPompeo) November 26, 2019
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը նոյեմբերի 22-ին հայտարարել է իր պատժամիջոցների ցուցակում Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմիին ներառելու մասին՝ նրան մեղադրելով Իրանի քաղաքացիների համար Համացանց մուտքի սահմանափակմանը մասնակից լինելու մեջ:
