Իրանը կասկածում է, որ միջուկային գործարքի մասնակիցները պատրաստ են մոտ ժամանակներս վերադառնալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) պայմանների ամբողջական կատարմանը, ուստի Եվրոպային ևս երկու ամիս է տալիս պարտավորությունները կատարելու համար: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, կառավարության նիստում հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք Եվրոպային ևս երկու ամիս ենք տալիս իր հանձնառություններին և միջուկային գործարքի շուրջ բանակցություններին վերադառնալու համար: Ես կասկածում եմ, որ այսօր կամ վաղը մենք արդյունքի կհասնենք եվրոպացիներից»,- նախագահի խոսքը մեջբերում է Mehr գործակալությունը:
Ռոհանին հավելել է, որ մոտ ժամանակներս Թեհրանը կհայտարարի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, որն առանձնակի կարևորություն ունի:
Ռոհանին, սեպտեմբերի 3-ին ելույթով ունենալով Մեջլիսում (իրանական խորհրդարանում), ասել էր, որ Թեհրանը սեպտեմբերի 5-ին կհայտարարի միջուկային գործարքի շրջանակներում իր պարտավորությունների կրճատման երրորդ փուլի մասին, եթե մինչև այդ ժամանակը Եվրոպայի հետ բանակցություններն արդյունք չտան: Նա հավելել է, որ ամեն դեպքում Իրանը կշարունակի բանակցությունները։
Օգոստոսի 30-ին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Եվրամիության երկրների դիվանագետները պաշտպանում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկությունը՝ Իրանին թույլ տալ որոշ ծավալի նավթ վաճառել մի շարք լուրջ պարտավորությունների դիմաց:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, քննարկվել է Թեհրանին օրական մոտավորապես 700 հազար բարել նավթի վաճառք թույլ տալու, ինչպես նաև երկրին շուրջ 15 մլրդ դոլարի չափով վարկ հատկացնելու հնարավորությունը: Դրա դիմաց Իրանից կարող են պահանջել ամբողջապես պահպանել միջուկային գործարքի բոլոր պայմանները, ինչպես նաև, հնարավոր է, ստանձնել նաև ինչ-ինչ այլ պարտավորություններ: