Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ թույլտվություն չի հայցել ամերիկացի զինվորականների՝ Իրաքում մնալու վերաբերյալ, և պաշտոնական Բաղդադը Վաշինգտոնից բացատրություններ է ակնկալում Թրամփի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները:
Խոսքը ամերիկյան առաջնորդի այն խոսքերի մասին է, ըստ որոնց՝ ԱՄՆ զինված ուժերի զինվորականները Իրաքում են մնալու՝ Իրանն «աչքի տակ» պահելու համար:
«Մենք զարմացած ենք… Ամերիկյան զինուժը իրավունք չունի Իրաքում անել որևէ բան, որը նախատեսված չէ ստորագրված համաձայնագրով»,- ասել է Սալեհը:
Նա հայտարարել է, որ իրենք ամերիկացի զինվորականներին թույլ չեն տա նման գործողություններ անել: Նախագահը բացատրել է, որ իրենք նպատակ ունեն զարգացնել հարաբերությունները հարևան պետությունների, այդ թվում՝ Իրանի հետ, և Բաղդադը չի ցանկանում այլ երկրների հակամարտության առանցք դառնալ: