fbpx
Աշխարհ

Սաուդյան արքայազնին մեղադրում են կանանց խոշտանգումներին մասնակցելու մեջ

Արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ բին Սալմանին սկսել են մեղադրել նաև կանանց նկատմամբ բռնությունների, սպառնալիքների ու խոշտանգումների մեջ: Այս մասին մտահոգությունները բարձրաձայնել են բրիտանական խորհրդարանի պատգամավորները:

Այս մեղադրանքները հիմնված են Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի վրա, որում նշվում է կանանց նկատմամբ բռնության 10 արձանագրված դեպքի մասին՝ տանջանքներ, դաժան վերաբերմունք, սեռական ոտնձգություններ, հոսանքահարումով կտտանքներ, ճիպոտով հարվածներ և այլն: Սրան զուգահեռ՝ մայիսից սկսած՝ ձերբակալվել են տասնյակ կանայք, որոնք պայքարել են իրենց իրավունքների պաշտպանության համար:

Կոնկրետ Սաուդյան արքայազնին ուղղված մեղադրանքի հիմքն այն է, որ նրա օգնականը անձամբ ներկա է եղել կանանցից առնվազն մեկի նկատմամբ խոշտանգումներին:

Չնայած սաուդյան կողմի հերքումներին՝ բրիտանական խորհրդարանի անդամները հայտարարել են, որ միջազգային կազմակերպության զեկույցն արժանահավատ է, և կոչ են արել բաց թողնել բանտարկվածներին:

Մուհամադ բին Սալմանը, հիշեցնենք, Սաուդյան Արաբիայի գահաժառանգն է ու թագավորության կենտրոնական իշխանավորներից մեկը: Մինչև վերջերս համարվում էր, որ փաստացի, նա է պետության միանձնյա ղեկավարը, սակայն Խաշըգջիի սպանության հետ կապված աղմուկն ու մեղադրանքները թուլացրին նրա դիրքերը Սաուդյան արքունիքում:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ