Իրաքը չի դառնա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության մասնակիցը: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Մահդին՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի հետ հանդիպման ժամանակ:
«Իրաքը երբեք չի միանա Իրանի կամ ցանկացած այլ պետության դեմ պատժամիջոցների ռեժիմին»,- վարչապետի խոսքը մեջբերել է նրա մամուլի խոսնակը:
Իրաքի իշխանության ղեկավարը «բարձր է գնահատել հարաբերությունների զարգացումը» Բաղդադի և Թեհրանի միջև և շնորհակալություն հայտնել Իրանին ահաբեկչության դեմ պայքարում օգնելու համար:
Աբդել Մահդիի հայտարարությունը արվել է մոտ ժամանակներս Վաշինգտոն այցելելու վերաբերյալ ծրագրերի ֆոնի վրա: Ինչպես գրում է Al Araby Al Jadeed-ը, ԱՄՆ-ում Իրաքի վարչապետը մտադիր է բարձրացնել Բաղդադը հակաիրանական պատժամիջոցների ազդեցությունից հանելու հարցը:
Հիշեցնենք, որ ամեն օր Իրանից Իրաք է մտնում 28 մլն խորանարդ մետր գազ, որն ապահովում է Իրաքի հարավում գտնվող էլեկտրակայանների աշխատանքը: Թեհրանը հարևան պետություն է արտահանում նաև էլեկտրաէներգիա:
Իրանի դեմ պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց հետո Միացյալ Նահանգները հետաձգում է դրանց իրագործումը 45 օրով, որից հետո ևս 90 օր է հատկացնում ինքնաբավարարման և իրանական էներգիայից հրաժարվելու համար: Բաղդադում հայտարարել են, որ դրա համար կպահանջվի նվազագույնը մի քանի տարի: