Վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի բանտերի մենախցերում երկու դատապարտյալ է մահացել։ Նրանցից մեկը՝ 58-ամյա ուսուցիչ Մուզաֆֆեր Օզչենգիզը «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ) առաջնորդներից մեկը լինելու մեղադրանքով դատապարտվել էր 12․5 տարի ազատազրկման։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Չորումի բանտում ապրիլի 27-ին իր մահկանացուն կնքելուց ընդամենը օրեր առաջ՝ ապրիլի 22-ին Չորումի քրեակատարողական վարչությանն ուղարկած իր նամակում Օզչենգիզը գրել էր․
«Կյանքիս պայմաննները ամեն օր ավելի ու ավելի են վատթարանում, ես նույնպես գնալով վատանում եմ։ Հանուն մարդկության պահանջում եմ ինձ տեղափոխել ընդհանուր բանտախուց, որպեսզի ինձանից չխլվի իմ ապրելու իրավունքը, որպեսզի վիճակս լավանա»։ Բանտարկյալը տեղեկացրել էր նաև, որ նա առանց որևէ պատճառի ու պարզաբանման արդեն 14 ամիս մենախցում է պահվում։ Օզչենգիզի գործը դեռևս վճռաբեկ դատարանում էր և դատարանը դեռ նրա ազատազրկման վճիռը վերջնականապես չէր հաստատել։
Իսկ ապրիլի 30-ին Սիլիվրիի բանտի իր մենախցում ինքնասպան է եղել թոշակի անցած բրիգադի գեներալ Զաքի Հասանը, ով ապրիլի 19-ին կալանավորվել էր Արաբական Միացյալ Էմիրությունների օգտին Թուրքիայում լրտեսություն անելու մեղադրանքով։
Ըստ թուրքական օրենքի՝ մենախցում կարող են պահվել միայն ցմահ ազատազրկված, ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը լինելու մեջ մեղադրվող կամ կարգապահական պատիժ կրող բանտարկյալները։ Ընդ որում, ամեն դեպքում բանտարկյալներին մենախցում կարելի է պահել առավելագույնը 20 օր։ Բայց մի շարք թուրք մասնագետներ ու իրավապահներ պնդում են, որ բանտերում մարդկանց մենախուց են ուղարկում կամայականորեն և կան հարյուրավոր դեպքեր, երբ բանտարկյալները ամիսներ շարունակ մեկուսացված են եղել։
հոդվածին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
