Իրավապաշտպան, հասարակական գործիչ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՔԾ աշխատակից Վազգեն Ավետիսյանի մասին Լևոն Բարսեղյանի գրառմանը: Ներկայացնում ենք Վարդան Հարությունյանի գրառումը.
«Կարդացի Լևոն Բարսեղյանի՝ երկարության պատճառով կարդալու չտրամադրող, բայց կարդալու անհրաժեշտություն պահանջող պատմությունը։ Մեկ նախադասությամբ միտքը սա է․ եթե ցանկանում ենք առաջ գնալ, եթե ցանկանում ենք հաջողել, եթե ցանկանում ենք խուսափել տեղապտույտից, ապա մեր արատավոր անցյալի ու ներկայի միջև պետք է հստակ սահման գծվի, և բոլորը չեն, որ այդ սահմանը հատելու ու նոր իրականություն անցնելու իրավունք պետք է ունենան։ Այդ հստակ գծված սահմանը հատելու ու նոր իրականություն գալու համար նախկին իրականության լուրջ դերակատարը պետք է ձերբազատվի իր հին կերպից, պետք է ինքնամաքրվի։ (“Ինչպես անել”-ը այլ զրույց է)։
Ես՝ սկսած 90-ականներից այս մասին խոսել ու գրել եմ հաճախ։ Իշխանությունները չեն լսել։ Չեն ցանկացել/ցանկանում լսել։ Իշխանությունների ու իշխանավորների համար, պարզվում է, շատ ավելի հեշտ է չգնալ պահանջվող միակ ճիշտ այդ քայլին, քան գնալ ու մի փոքր բարդացնել սեփական կյանքը։ Իշխանավորների համար, պարզվում է, ավելի ընդունելի են պալատների միջանցքներում ինքնադրսևորվելու (շողոքորթելու ու սողալու) փորձ ունեցող նախկինները, քան հանդուգն, համարձակ, սեփական գինն իմացող, իրեն տեր զգացող նորեկը։ Էս հանդուգնի հետ բարդ է լինելու, իսկ հները պլաստիլին են, իշխանավորն ինքն է նրանից իր ուզածը ծեփում, երեկ՝ գործ սարքող ու միշտ հավատարիմ, այսօր՝ օրենքով աշխատող ու միշտ հավատարիմ։
1980-ին ինձ ու իմ ընկերներին՝ անկախ Հայաստան պահանջելու կամար դատապարտած դատավոր-դատախազները 1991-ից հետո մնացին ու Անկախ Հայաստանում լուրջ պաշտոնյաներ դարձան, բարգավաճեցին ու իրենց բացասական հետքը թողեցին ու իրենց կնիքը դրեցին մեր հետագա ողջ ընթացքի վրա։ Մեր գործով քննիչը, անկախ Հայաստանում դարձավ դատավոր ու դատարանի նախագահ, ու արդեն մեր օրերի քաղաքական դատերն էր վարում։
Այս թեմային անդրադարձող մարդը վրեժ չի, որ պահանջում է։ Անգամ պատժել-դատել չի պահանջվում։ Ընդամենն ասվում է՝ որ հին բարքերը կրող, հին բեռից չազատված, հին պատկերացումներով ապրող մարդը նոր ժամանակներում տեղ չպետք է ունենա։
Հակառակ դեպքում տեղապտույտն անխուսափելի է, անհաջողությունն անխուսափելի է, սխալ տեղ գնալու հավանականությունը 100 տոկոսին է մոտենում»։
https://www.facebook.com/vardan.harutyunyan.37/posts/2407215665988801