fbpx
Քաղաքականություն

Իշխանության գալը՝ ժողովրդից վրեժ լուծելու միջոց

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ
Քոչարյանը հանդիպումներ է ունենում այսպես ասած համակիրների հետ, ովքեր թերևս սեփական շտաբի ակտիվիստներն են ու վարձատրվող աշխատակիցները։

Հանդիպումներին մասնակից պահեստազորի սպայի հարցին, թե ի՞նչ եք անելու, որպեսզի «դավաճանների» ելքը երկրից արգելվի, Ռոբերտ Քոչարյանը շեշտեց, որ «ուր էլ գնա, գտնել-բերելու են»։

Երկրորդ նախագահը, ում իշխանության օրոք Ազգային ժողովի դահլիճում սպանել են սպարապետ Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, և Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին ու վերջին անգամ իշխանության կողմից գնդակահարվել են խաղաղ ցուցարարներ, իսկ ռազմական տեխնիկան ուղղվել է սեփական ժողովրդի դեմ, այսօր իբրև թե «դավաճաններին» սպառնում է արդարադատությամբ ու օրենքով։

Քոչարյանը, դեռ իշխանության չեկած, հպարտորեն սպառնում է, թե փեշերից բռնած բերելու են հետ մեղավորներին։

Այն նախագահը, որի ղեկավարության օրոք կատարվել են քաղաքական մի շարք սպանություններ, այսօր գործող իշխանությանը մեղադրում է օրենքը չհարգելու մեջ։ Քոչարյանը իրեն հատուկ վստահությամբ շեշտում է՝ Հայաստանում պետք է հաղթի օրինականությունը։ Իսկ թե ինչ ասել է օրինականություն երկրորդ նախագահի համար, ժողովուրդը տասը տարի շարունակ ականատես է եղել․ հասարակ բնակիչներից վերցնել իրենց սեփական ունեցվածքը՝ Հյուսիսային պողոտա սարքելու անվան տակ, տարիների արդար աշխատանքով հիմնած բիզնեսները խլել՝ զուտ ուժի կիրառմամբ, և բազմաթիվ նման օրինակներ։

Հանդիպումների մյուս հետաքրքրկան դրվագը, թերևս Քոչարյանի արձագանքն է Նիկոլ Փաշինյանի Եռաբլուր այցերին, որով փորձում է վարկաբեկել Փաշինյանին։ Քոչարյանը էժան հակադարձումով փորձում է կոծկել Եռաբլուրում ստացած ապտակը զոհված հերոս Սուրեն Բաբայանի մոր՝ Գալինա Բաբայանի կողմից։

Իհարկե, երկրորդ նախագահի և իր կողմնակիցների՝ անմարդային ձեռագրով պատասխանը չուշացավ, ևս մեկ անգամ ժողովրդին ապացուցելով, որ իր համար սրբություններ գոյություն չունեն, և անգամ կարող են այրել հերոսի գերեզմանն ու ծաղիկները։

Քոչարյանը նաև այցելել է Տավուշի մարզ։ Քոչարյանական սնապարծության հաջորդ կանգառը Իջևանն էր, որտեղ վրեժխնդիր ցինիզմով հայտարարեց՝ հատկապես Իջևանում, պետք է «շեշտակի հաղթանակ կրեն»։

Հանրային աջակցության և շարքային քաղաքացիների ինքնաբուխ ներկայության մասին հնարավոր չէ խոսել, քանի որ որպես այդպիսիք գոյություն չունեին։ Երկրորդ նախագահի հետ հանդիպմանը ներկա էին սեփական շտաբի ակտիվիստներն ու աշխատակիցները։

Քոչարյանը առաջին դեպքը չէ, որ վստահորեն հայտարարում է, որ ընտրություններին այսպես ասած «կրելու են»։ Արագածոտնի մարզի բնակիչների հետ հանդիպմանն էլ շեշտել էր, թե իմքայլականները իրենից վախենում են։ Երկրորդ նախագահը չի թաքցնում սեփական քենն ու ոխը ներկայիս իշխանության նկատմամբ և շեշտում է, թե ճիշտ էլ անում են, որ վախենում են։

Այն, որ իշխանափոխությունը Քոչարյանի նախատեսած քաղաքական ապագայի մեջ չէր մտնում, դա անհերքելի է, և նա մինչ օրս չի կարողանում ներել այն իրողություն դարձրած ուժերին։ Միանշական է, որ նա իր առաջ նպատակ է դրել պատժել ու վրեժ լուծել հենց այս ուժերից։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լավագույն առիթը դարձան նրա վրեժխնդրական ձեռագիրն իրականացնելու համար։

Ժողովրդի հիշողությունը բավական թարմ է նրա իշխանավարման տարիներին ապրածի և քաղաքացիական արժեզրկված գիտակցության վերաբերյալ ուստի՝ քաղաքական էժանագին մանիպուլյացիաններն ու փակ դահլիճներում հանրային սեգմենտի հետ հանդիպումների իմիտացիան ոչ մի վճռորոշ դեր չեն խաղալու նրան իշխանության վերադարձնելու տեսակետից։

Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ