Շրի Լանկայի կառավարությունում իսլամ դավանող նախարարները հրաժարական են տվել՝ մուսուլմանների վրա հարձակումների ֆոնին: Վերջիններս չեն դադարում ապրիլի վերջին քրիստոնեական եկեղեցիներում իրականացված պայթյուններից հետո։ Այս մասին հաղորդում է AFP-ը:
Ըստ տեղեկությունների՝ ընդհանուր առմամբ հրաժարական է տվել 9 մարդ, որոնց մեջ են մի քանի նախարար և 2 նահանգապետ:
Ավելի վաղ լանկիական Մուսուլմանական կոնգրեսի ղեկավար Ռաուդ Հակիմը թվիթերյան իր էջում գրել էր, որ «մուսուլման բոլոր նախարարները, նրանց տեղակալները, ինչպես նաև պետական նախարարները, որոնք իսլամ են դավանում, հրաժարական կտան Շրի Լանկայի կառավարությունում»:
Նա դիմել էր երկրի իշխանություններին՝ պահանջելով վճռական միջոցներ ձեռնարկել մուսուլմանական հանրության ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության համար: