Ապրիլի 28-ին Իսպանիայում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Շուրջ 60 հազար ընտրատեղամասեր են բացվել, որոնք կաշխատեն տեղի ժամանակով մինչև 20:00-ն: Ընտրություններին կարող են մասնակցել ձայնի իրավունք ունեցող գրեթե 37 մլն իսպանացիներ:
Ընտրությունների արդյունքում կընտրվեն 350 պատգամավոր ներառող տեղական Կոնգրեսի կազմը և 266-տեղանոց Սենատի (խորհրդարանի վերին պալատ) 208 ներկայացուցիչներ: Ընտրված ներկայացուցիչների լիազորության ժամկետը 4 տարի է:
Արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ փետրվարի կեսերին իսպանական խորհրդարանը հրաժարվեց հավանություն տալ 2019-ի բյուջեի ծրագրին, որն առաջարկել էր սոցիալիստ Պեդրո Սանչեսի կառավարությունը:
Այս ընտրություններում սոցիալիստների մրցակիցներն են ազատական Քաղաքացիական կուսակցությունը, «Պոդեմոս» ձախ կուսակցությունը և «Վոքս» ուլտրաաջ կուսակցությունը, սակայն հիմնական մրցակիցը աջ կենտրոնամետ Ժողովրդական կուսակցությունն է: