Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի Ալ-Շաբուրա թաղամասի թիրախներին:
Ինչպես հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը, իսրայելական հարձակման հետևանքով Ռաֆահում զոհվել է 100 մարդ, ավելի քան 230-ը՝ վիրավորվել։
Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Պաղեստինի Կարմիր մահիկի հայտարարությունը, հայտնել էր իսրայելական բանակի «կատաղի հարձակումների» մասին Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի վրա։
«Իսրայելական բանակը մի շարք հարվածներ է հասցրել ահաբեկիչների թիրախներին Գազայի հատվածի հարավում գտնվող Ալ-Շաբուրա շրջանում»,- ասվում է ՑԱԽԱԼ-ի Տելեգրամ ալիքում:
Ավելի վաղ Jerusalem Post թերթը, հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հայտարարությանը, հայտնել էր, որ իսրայելցի զինվորների հաջորդ թիրախը լինելու է Գազայի եւ Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքը։
Մինչ այժմ զինվորականները խուսափում էին Ռաֆահում ցամաքային զորքեր օգտագործելուց՝ Եգիպտոսի իշխանությունների զայրույթից խուսափելու համար:
Ուրբաթ օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել էր բանակին և պաշտպանության նախարարությանը ներկայացնել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքից խաղաղ բնակիչների տարհանման ծրագիր, որտեղ զինվորականների հաշվարկներով մնացել է ՀԱՄԱՍ-ի չորս գումարտակ։