Իսրայելական ավիացիան գիշերը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի և մեկ այլ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման՝ ավելի քան 500 թիրախի Գազայի հատվածում, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը (IDF):
«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի կործանիչները, ուղղաթիռները և հրետանին հարվածներ են հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադի» ավելի քան 500 ահաբեկիչների թիրախներին»,- ասել են գերատեսչությունից:
Ենթադրվում է, որ հարձակման է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի յոթ հրամանատարական կենտրոն, շենք, որն օգտագործում են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի բարձրաստիճան սպաները և Իսլամական ջիհադի հրամանատարական կենտրոնը: Բացի այդ, վնասվել են բազմաթիվ բազմահարկ շենքեր։
Իսրայելցի զինվորականները նշել են, որ շարունակելու են հարվածներ հասցնել Գազայի հատվածին։

