Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դևիդ Ֆրիդմանը New York Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելն օկուպացված Արևմտյան ափի գոնե մի մասը միացնելու իրավունք ունի:
Նա նշել է, որ Արևմտյան ափի միացումն ինչ-որ չափով օրինական կլինի: Նրա մեկնաբանությունները կարող են խորացնել պաղեստինցիների դիմադրությունը ԱՄՆ-ի երկար սպասված խաղաղ ծրագրի նկատմամբ:
Պաղեստինցիները մերժել էին այդ ծրագիրը նախքան դրա հրապարակումը՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մի շարք գործողություններին, որոնք, ըստ նրանց, ցույց են տալիս, որ նրա վարչակազմը կանխակալ է:
Պաղեստինյան պետության ստեղծումն այն տարածքներում, այդ թվում նաև Արևմտյան ափը, որոնք Իսրայելը օկուպացրել էր 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ժամանակ, անցյալում Մերձավոր Արևելքում բոլոր խաղաղ ծրագրերի կենտրոնում էր: