Իսրայելի զինվորականները հայտարարել են, որ վերականգնել են վերահսկողությունը երկրի հարավում գտնվող բոլոր բնակավայրերի վրա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակ Դանիել Հագարին։
Սակայն նա միևնույն ժամանակ հայտնել է, որ պաղեստինցի առանձին զինյալների հետ Իսրայելի տարածքում բախումները դեռ շարունակվում են։
Ավելի վաղ ԻՊԲ-ից հայտնել էին, որ Իսրայելի տարածքում 7 կամ 8 վայրերում դեռ մարտեր են ընթանում։
Հոկտեմբերի 7-ին «Համաս» շարժման կողմից առաջնորդվող զինված խմբավորումները Գազայի հատվածից ներխուժել են Իսրայել՝ լայնածավալ հարձակում սկսելով։ Նրանք գրավել են անցակետեր, ռազմաբազաներ։ Իսրայելը պաշտոնապես պատերազմ է հայտարարել «Համաս»-ին՝ խոշոր ռազմական գործողություն սկսելով Գազայում։ Վերջին երկու օրերին Իսրայելի կողմից զոհերի թիվը հասել է շուրջ 700-ի, Պաղեստինի իշխանությունները հայտնել են 493 զոհի մասին։