fbpx
Ժամանց

Ֆրասիայի հարավով ոգեշնչվող դիզայները. հեքիաթասած JACQUEMUS

Ինքնուսուց դիզայներ Սիմոն Պորտ Ժաքմյուսը մեր օրերում ամենահայտնի և հաջողակ դիզայներներից է։
Ժաքմյուսի հետաքրքրվածությունը արվեստով և հատկապես նորաձևությամբ սկսել է դեռ մանկուց։

Մանուկ ժամանակ նա մոր համար կիսաշրջազգեստ էր պատրաստել վարագույրից։ Մայրը շատ հպարտ էր որդու պատրաստածով և կրում էր այն մեծ հաճույքով։ Դիզայները շատ ժամանակ էր անցկացնում մոր հետ և հիանում նրանով։

Նա տասնութ տարեկան հասակում ընդունվել էր ESMOD, սակայն մոր հանկարծակի մահից հետո չշարունակելով ուսումը՝ սկսեց աշխատել Citizen K-ի համար։ Ժաքմյուսը սկսել է ստեղծել իր հավաքածուները տասնինը տարեկանում՝ միառժամանակ աշխատելով Comme des Garcons բուտիկում։

Նրա ստեղծած հագուստները ունեն ժամանակակից, համարձակ և ինչ-որ տեղ տիպիկ ֆրանսիական շունչ։ Նա ոգեշնչվում է հիմնականում Ֆրանսիայի հարավից (որտեղ և ծնվել ու մեծացել է), Սերժ Գեյնսբուրգից, արևից, արվեստից՝ իր տարբեր արտահայտումներով և շատ ուրիշ բաներից։

JACQUEMUS ապրանքանիշը ինքնին ներբող է դիզայների մորը։ Այն ներկայացնում է ուժեղ, ինքնավստահ և գեղեցիկ կանանց։ Կանանց, ովքեր համարձակ են և չեն վախենում լինել այնպիսին, ինչպիսին կան։

Սիմոն Ժաքմյուսը իր հագուստների միջոցով առաջին հերթին պատմություններ է պատմում, իր տեսահոլովակներով՝ ստեղծում կարճամետրաժ ֆիլմեր։ Այս ամենի միջոցով նա կարծես ստեղծում է իր սեփական աշխարհը:

Ժաքմյուսի հագուստները և աքսեսուարները հաղորդում են դրական, արևային, ազատության լիցքեր։ Ճիշտ այնպես, ինչպես մանուկ ժամանակ ենք մեզ զգացել՝ անհոգ, պարզ, հետաքրքրասեր և ուրախ։

Աննա Մարտիրոսյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ