fbpx
Էկո

Ճանապարհը պետք է բացվի, որ «Լիդիանը» իր շինաշխատանքները կատարի․ Բաբկեն Թունյան

Ամուլսարի հանքի շահագործման համար պետք է շինարարական աշխատանքներ արվեն, որոնք կարող են մինչև մեկ տարի տևել, և այդ ընթացքը ժամանակ է տալիս, որ եթե բնապահպանական ռիսկեր կան, լրացուցիչ փորձաքննություն արվի և դրանց պատասխաններ տրվեն։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Այս պահին որոշումն այն է, որ հանքի շինաշխատանքների նախապատրաստական փուլը չպիտի խոչընդոտվի։ Ի սկզբանե ասել և ասում եմ, որ եթե պետք է հանքը փակվեր, ապա դրա համար պետք է լինեին իրավական հիմքեր, վարչապետի ելույթից լսեցի, որ իրավական հիմքեր չկան։ Եթե մեկ տարվա ընթացքում իրավական հիմքեր առաջ կգան, որոնք թույլ կտան հանքը փակել, նշանակում է այդ ժամանակ որոշակի գործողություններ կլինեն»,- ասաց Թունյանը։

Պատգամավորի խոսքով՝ իր համար ընդունելի չէ, որ առանց իրավական հիմքի, «Լիդիան» ընկերության աշխատանքը կազմաքանդվի։ Նրա գնահատմամբ՝ այս գործելաոճով գնալու դեպքում ՀՀ-ն՝ որպես պետություն, կասկածելի, անվստահելի գործընկեր կդիտարկի։ Ինչ վերաբերում է ոստիկանների օգնությամբ Ամուլսար տանող ճանապարհի բացմանը, Թունյանը հույս հայտեց, որ խնդիրը ոստիկանությանը չի հասնի։

«Հույսով եմ՝ մեր հանրությունը շատ գիտակցված որոշում կարող է կայացնել։ Բավական է, որ մարդիկ իրենց կարծրատիպային մտածելակերպից շեղվեն և փորձեն հարցին երկու կողմից նայել։ Ճանապարհը պետք է բացվի, որ ընկերությունն իր շինաշխատանքները կատարի։ Կոպիտ ասած՝ ռիսկը մնում է ընկերության վրա, ինքը շինարարության վրա ծախս է անելու, հիմա կարող է ընկերությունը մեկ տարի ծախս է կատարում, հետո պարզվում է՝ խախտումներ կան, դրանք մնալու են ընկերության վրա»,- շեշտեց Բաբկեն Թունյանը։

Թունյանը, խոսելով ԷԼԱՐԴ ընկերության եզրակացությունից, նշեց, թե եզրակացությունը տվել է լրացուցիչ գործիքներ, որպեսզի կառավարությունը դրանց վրա ուշադրություն դարձնի՝ առաջարկելով լրացուցիչ մեղմման միջոցներ:

Դիտարկմանը, որ ԷԼԱՐԴ-ը փաստացի ասաց, որ «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ը թերի է, Թունյանն արձագանքեց․ «ԷԼԱՐԴ-ը կազմակերպություն է, որ զբաղվում է այդպիսի խնդիրներով, այլ կազմակերպություններ էլ կան, որ ԷԼԱՐԴ-ից պակաս հեղինակավոր չեն, բայց այլ բան են պնդում։ Սա գիտական բանավեճ է, բայց ամենակարևորը օրենքին համապատասխանությունն է։ Եթե ՀՀ-ն առանց որևէ օրինական հիմքի արգելում է այդ ընկերության գործունեությունը, դա ՀՀ-ի համար լրջագույն պրոբլեմներ է առաջացնելու։ Այս մեկ տարին բավականին ժամանակ է, որ բոլոր կասկածելի հարցերի պատասխանները տրվեն: Պետք չէ շատ ֆորմալացնել ամեն ինչ: Կստուգեն, եթե ինչ-որ կասկածելի բան լինի, համոզված եմ, որ կառավարությունը չի գնա ՀՀ բնությունն աղտոտելու ճանապարհով»։

Նոր ՇՄԱԳ-ի մասին խոսելով էլ Բաբկեն Թունյանը շեշտեց, թե նորն անցկացնելու համար պետք է չեղյալ համարել նախկինի արդյունքները, որի համար իրավական հիմքեր չկան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ