Մայիսի 6-ին տեղի կունենա ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի դատական նիստը:
Նիստն հրավիրվել է, քանի որ ՀՀ 15 քաղաքացի հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՀ փոխվարչապետի։
Հայցվորները պահանջում են պարտավորեցնել փոխվարչապետին հերքել զրպարտություն համարվող տվյալները:
Նրանց ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանը նշում է, որ հայցի պատճառ է հանդիսացել հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում հայ համայնքի հետ կայացած հանդիպման ժամանակ Տիգրան Ավինյանի այս հայտարարությունը․
«Իրազեկեմ ձեզ, որ Ամուլսարի դեմ ծավալված արշավը միանշանակ չէ: Կան անկեղծ և ազնիվ մարդիկ, որոնք իրապես հավատում են, որ այս ծրագիրը աղետ է: Բայց նաև կան մարդիկ, որոնք ուղղակիորեն կապված են ՀՀ տարածքում հանքարդյունաբերական ոլորտի գործարարների հետ, որոնք բավական լուրջ ֆինանսական միջոցներ էին ներդնում, որպեսզի այս արշավը կազմակերպվի: Թե չէ, վստահեցնում եմ ձեզ, դուք Ամուլսարի մասին չէիք լսելու, որովհետեւ նման հնչեղություն հաղորդելու համար լուրջ ֆինանսական միջոցներ են պետք և լուրջ արշավ է պետք կազմակերպել, որը ինտենսիվորեն դեռևս 2016-2017 թվականից արվում է»,-ասել է Ավինյանը:
Հայտնենք, որ դատական նիստը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, Մ․ Խորենացի 162 ա, 6-րդ դահլիճ։
Իրադարձությանը ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: