Հունվարի 28-ին, ժամը 15:00-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) շենքում տեղի կունենա Արմեն Չիկո Թութունջյանի հեղինակած Ջազը Հայաստանում գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Ջազը Հայաստանում գիրքը ներկայացնում է Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության ծագման և զարգացման 85-ամյա պատմությունը։ Գրքում ընդգրկված են ավելի քան 50 նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարներ և շուրջ 80 երաժիշտ-կատարողների կենսագրական սեղմ նկարագրություններ, որոնք ներկայացնում են հայկական ջազի ճանապարհը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև հայկական ծագմամբ հայտնի ջազմենների ստեղծագործական գործունեությանը, որոնց ներդրումը միջազգային երաժշտության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։
Այս եզակի գիրքը, որը հրատարակվել է անգլերենով, ներառում է ավելի քան 500 հազվագյուտ արխիվային լուսանկարներ, ինչպես նաև շուրջ 70 հատուկ QR կոդեր։ Դրանք ընթերցողներին հնարավորություն են տալիս դիտել և ունկնդրել հայկական ջազի լավագույն նմուշները։ Այս կերպ գիրքը վերածվում է բազմագործիքային մշակութային արժեքի՝ համադրելով տպագիր և թվային բովանդակությունը։
Ջազը Հայաստանում գիրքն իր մասնագիտական և գեղարվեստական արժեքներով բացառիկ է։ Այն հայկական ջազի պատմության առաջին և միակ նմանօրինակ գրքային ամփոփումն է, որը ոչ միայն ներկայացնում է ոլորտի անցյալն ու ներկան, այլև դառնում է հայ մշակույթի կարևոր մշակութային հուշարձան։
