Հոլիվուդյան կատակերգությունների աստղ Ջիմ Քերին խոստովանել է, որ հետաքրքրված է հայտնի «Դիմակը» ֆիլմի շարունակության մեջ նկարահանվելու գաղափարով, սակայն մի պայման ունի. ֆիլմը պետք է նկարահանի որևէ խենթ տեսլականով ռեժիսոր:
Այս մասին հոլիվուդյան աստղն ասել է comicbook.com-ի հետ հարցազրույցում:
«Ինչ վերաբերում է «Դիմակը» ֆիլմին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե ով է լինելու ռեժիսորը: Չեմ ցանկանում սիքվելում նկարահանվել պարզապես նկարահանվելու համար: Ես դա կանեմ միայն այն դեպքում, եթե լինի որևէ խենթ տեսլականով ռեժիսոր»,-ասել է դերասանը:
«Դիմակը» ֆիլմը նկարահանվել է 25 տարի առաջ և համաշխարհային ճանաչում է բերել Ջիմ Քերիին՝ նրան դասելով լավագույն կատակերգուների շարքին: