ԿՀՎ նախկին տնօրեն Ջոն Բրենանը չորեքշաբթի օրը դաշնային հայց է ներկայացրել ԱՄՆ Արդարադատության նախարարության և Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Ինչպես հաղորդում է CBS News-ը, Բրենանը պահանջում է դատարանի որոշմամբ պարտադրել գերատեսչություններին պահպանել իր դեմ ընթացող քրեական հետաքննություններին առնչվող բոլոր փաստաթղթերը և հաղորդակցությունները:
Բրենանն իր 46-էջանոց հայցում նշում է, որ գործող վարչակազմը քրեական հետապնդումը օգտագործում է որպես քաղաքական հակառակորդներին պատժելու գործիք: Նրա փաստաբանների խոսքով՝ ինքը դարձել է «վրեժխնդիր և ընտրողական» հետապնդման թիրախ: Հայցվորը մտավախություն ունի, որ ապացույցների հնարավոր կորուստը կխոչընդոտի հնարավոր մեղադրական եզրակացության դեմ իր պաշտպանությանը:
Հայցում նշվում են Արդարադատության նախարարության մի շարք պաշտոնյաների անուններ, այդ թվում՝ ԱՆ պաշտոնակատար Թոդ Բլանշի: Բրենանի փաստաբանները նաև մտահոգություն են հայտնել հետաքննության մեջ ներգրավված անձնակազմի, մասնավորապես՝ Ջոն Յուի և Կուրտ Օլսենի մասնակցության վերաբերյալ, որոնք, ըստ հայցի, քաղաքական դրդապատճառներ ունեն:
Արդարադատության նախարարության խոսնակը հրաժարվել է մեկնաբանել հետաքննության առկայությունը՝ Բրենանի մեղադրանքներն անվանելով անհիմն: Գործը մակագրվել է ԱՄՆ շրջանային դատավոր Ջիա Քոբին: Սա տեղի է ունենում դաշնային դատարանների կողմից վերջին շրջանում Արդարադատության նախարարության մի շարք գործողությունների, այդ թվում՝ ենթադրյալ վրեժխնդիր դատակոչերի չեղարկման ֆոնին:

