«Մեծ սաղավարտի» մրցաշարերի նախկին հաղթող Ջոն Լլոյդը կոշտ քննադատության է ենթարկել թենիսի ներկայիս օրացույցը՝ այն որակելով «խելագարություն»։ Tennis365-ին տված հարցազրույցում Լլոյդը նշել է, որ մրցաշարերի գերծանրաբեռնված գրաֆիկը ուղղակիորեն հանգեցնում է մարզիկների շրջանում վնասվածքների թվի աճին, ինչը հատկապես ակնհայտ է դարձել Ուիմբլդոնի մեկնարկից առաջ։
Լլոյդը առաջարկել է արմատական փոփոխություններ, այդ թվում՝ Australian Open-ի տեղափոխումը հունվարից մարտ ամիս։ Թեև նա ընդունում է, որ նման փոփոխությունը քիչ հավանական է, սակայն պնդում է, որ անհրաժեշտ է առնվազն կրճատել «Մեծ սաղավարտի» հանդիպումների տևողությունը՝ հինգ սեթից անցնելով երեքի։
«Իրավիճակը միայն վատթարանալու է», – ասել է Լլոյդը՝ հավելելով, որ ժամանակակից թենիսի ֆիզիկական պահանջները մարզիկներին ստիպում են իրենց օրգանիզմը ենթարկել ծայրահեղ ծանրաբեռնվածության՝ առանց պատշաճ վերականգնման ժամանակի։
Ուիմբլդոնի կազմկոմիտեն հայտնել է, որ հունիսի 29-ին մեկնարկելիք մրցաշարից արդեն դուրս է մնացել 13 թենիսիստ, այդ թվում՝ Կառլոս Ալկարասը, Լորենցո Մուսետին և Հոլգեր Ռունեն։ Տղամարդկանց մենախաղում գրանցվել է 9 հրաժարում, ինչը, ըստ Լլոյդի, ապացուցում է, որ հինգ սեթանոց հանդիպումները այլևս չեն համապատասխանում ժամանակակից թենիսի ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակին։

