ԿՈՒՊԵՐՏԻՆՈ – Apple ընկերությունում պաշտոնապես ավարտվել է ղեկավարության փոխանցման գործընթացը․ սարքավորումների ճարտարագիտության (Hardware Engineering) նախկին ավագ փոխնախագահ Ջոն Թերնուսն ստանձնել է գլխավոր տնօրենի (CEO) պաշտոնը: Թիմ Կուկը, ով 15 տարի շարունակ ղեկավարում էր տեխնոլոգիական հսկային՝ ապահովելով աննախադեպ ֆինանսական աճ, 2026 թվականի օգոստոսի 31-ին պաշտոնապես հեռացավ CEO-ի պաշտոնից և ստանձնեց Տնօրենների խորհրդի գործադիր նախագահի (Executive Chairman) դերը: Այս պաշտոնափոխության մասին ընկերությունն առաջին անգամ հայտարարել էր դեռևս ապրիլի 20-ին:
9to5Mac-ի փոխանցմամբ՝ Կուկն իր վերջին աշխատանքային օրը դիմել է Apple-ի աշխատակիցներին ներքին հուշագրով․ «Այս վայրը ապացույց է, որ մշակույթը հաղթում է ամեն ինչին: Նպատակասլացությունն այն է, ինչ այս ընկերությունը դարձնում է արտակարգ, և դա է մեր հաջողության գաղտնիքը»։ Կուկը նաև երախտագիտություն է հայտնել սոցիալական ցանցերում՝ վստահություն հայտնելով Թերնուսի ղեկավարությամբ ընկերության ապագայի նկատմամբ:
Ղեկավարության փոփոխություն․ ճարտարագիտական առաջնահերթություն
Թերնուսի նշանակումը նշանավորում է Apple-ի ռազմավարական շեշտադրումների փոփոխություն: Եթե Թիմ Կուկը 2011 թվականին Ստիվ Ջոբսից հետո ստանձնեց ղեկավարությունը որպես մատակարարման շղթաների և լոգիստիկայի անգերազանցելի մասնագետ, ապա Թերնուսը տեխնոլոգիական ճարտարագետ է: Նա առանցքային դեր է ունեցել Mac համակարգիչները Intel պրոցեսորներից Apple Silicon սեփական չիպերին անցնելու, MacBook շարքի վերանախագծման և կրելի սարքերի մշակման գործում:
Ինչպես նշում են Freedom Capital Markets-ի վերլուծաբանները, Կուկը ստանձնել էր Apple-ի ղեկավարությունը, երբ ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում էր շուրջ 350 միլիարդ դոլար: Այսօր Apple-ի արժեքը հասնում է գրեթե 4.7 տրիլիոն դոլարի: Կուկի օրոք ընկերությունը ոչ միայն բազմապատկեց ապրանքատեսակները (Apple Watch, AirPods), այլև ստեղծեց Services ծառայությունների բիզնեսը, որը եռամսյակային կտրվածքով ապահովում է ավելի քան 30 միլիարդ դոլարի հասույթ:
Արհեստական բանականություն և նոր սարքավորումներ
Ջոն Թերնուսի առաջնահերթ խնդիրը լինելու է Apple-ի դիրքերի ամրապնդումը արհեստական բանականության (AI) ոլորտում: TechRadar-ի փոխանցմամբ՝ ընկերությունը որոշակիորեն զիջել է դիրքերը Microsoft-ին, Google-ին և OpenAI-ին: Թերնուսն առաջին անգամ որպես գլխավոր տնօրեն հանդես կգա սեպտեմբերի 9-ին կայանալիք շնորհանդեսին, որտեղ սպասվում է iPhone 18 շարքի, այդ թվում՝ ծալվող էկրանով iPhone Ultra-ի և թարմացված Siri AI օգնականի ներկայացումը:
BofA Securities-ի վերլուծաբանները նշում են, որ Apple Silicon չիպերի, տվյալների գաղտնիության և սարքերի հսկայական բազայի շնորհիվ Թերնուսը հնարավորություն ունի ապահովելու ընկերության առաջատարությունը AI դարաշրջանում: Բացի այդ, ըստ Investor’s Business Daily-ի, Apple-ը աշխատում է AI խելացի ակնոցների, տեսախցիկներով AirPods-ների և ապակյա պատյանով iPhone-ների մշակման ուղղությամբ:
Կառավարման կայունություն
Թիմ Կուկը, անցնելով Տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնին, շարունակելու է ռազմավարական աջակցություն ցուցաբերել Թերնուսին: Apple-ի բաժնետոմսերը ֆոնդային բորսայում պահպանում են կայունություն՝ առևտրվելով մոտ 315 դոլարի սահմաններում, ինչը մոտ է հուլիսի վերջին գրանցված 344.57 դոլարի ռեկորդային ցուցանիշին:

