Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության նախագահի և վարչապետի ընտրարշավի առաջատար համարվող Բորիս Ջոնսոնը ընտրություններում հաղթանակի դեպքում մտադիր է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ ազատ առևտրի ռեժիմ սահմանելու հարցում՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Այս մասին, հղում կատարելով Ջոնսոնի՝ անունը չնշած օգնականին։ Այս մասին տեղեկացնում է The Times թերթը։
Թեկնածուի շրջապատում համոզված են, որ ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրումը թույլ կտա Մեծ Բրիտանիային ցուցադրել համաշխարհային շուկայի գործընկերներին, որ երկիրը լուրջ մտադրություններ ունի և կարող է նոր պայմանագրեր կնքել։ «Խնդրի լուծումը ԱՄՆ-ն է,- Ջոնսոնի թիմի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է պարբերականը։- Եթե մենք պայմանավորվենք Ամերիկայի հետ առևտրային գործարքի մասին, ապա կկարողանանք շատ արագ կնքել նաև այլ պայմանագրեր շուկայում։ Դա մյուսներին ցույց կտա, որ մենք լուրջ ենք տրամադրված»։
Նշվում է, որ որպես Միացյալ Նահանգներ Ջոնսոնի պաշտոնական այցելության ժամկետ դիտարկվում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի բացումը, որը նախատեսված է սեպտեմբերի 17-ին, բայց, ըստ «Թայմսի», դա կարող է նաև ավելի շուտ տեղի ունենալ։ Ինչպես սպասվում է, ընտրարշավի ֆավորիտը մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կնքել «սահմանափակ համաձայնագիր որոշակի ոլորտի ապրանքների առևտրի մասին մինչև հոկտեմբերի 31-ը, ինչպես նաև նշել լիածավալ առևտրային համաձայնագրի սահմանները»։
«Կասկած չկա, որ երբ մինչև հոկտեմբերի 31-ը մենք դուրս գանք (ԵՄ-ից), պետք է հասած լինենք որոշակի համաձայնության ԱՄՆ-ի հետ»,- ամփոփել է Ջոնսոնի օգնականներից մեկը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հուլիսի 10-ին The Independent թերթը տեղեկացրել էր, որ բրիտանա-ամերիկյան բանակցությունների ռաունդը Brexit-ից հետո առևտրի մասին չեղարկվել էր հուլիսի 9-ին՝ Լոնդոնի և Վաշինգտոնի հարաբերությունների լարման ֆոնին՝ կապված ԱՄՆ-ում Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքի արտահայտությունների արտահոսքի հետ։ Դա տեղի է ունեցել անգամ չնայած այն բանին, որ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նախապես հասկացրել էր, որ Դերոքը չի մասնակցի բանակցություններին։
Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից հեռանա 2019-ի մարտի 29-ին, այսինքն՝ գրավոր ծանուցում տալուց երկու տարի հետո։ Սակայն բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երեք անգամ մերժել է Brexit-ի պայմանների մասին համաձայնագրի նախագիծը, որին վարչապետ Թերեզա Մեյը հասել էր եվրոպական առաջնորդների հետ բանակցությունների ընթացքում։ Արդյունքում՝ ԵՄ-ը համաձայնել է Brexit-ը տեղափոխել ապրիլ-մայիս, հետո՝ հոկտեմբերի 31։
Մայիսի 24-ին Մեյը սկզբում Պահպանողական կուսակցության նախագահի, հետո վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց։ Ընտրարշավի հաղթողի անունը կհայտարարվի հուլիսի 23-ին։ Հանթից բացի դրան մասնակցում է արտաքին գործերի նախկին ղեկավար, եվրաթերահավատ Բորիս Ջոնսոնը, որը համարվում է հաղթանակի գլխավոր հավակնորդը։

