ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում խոսեց վեթինգի գործընթացի մասին։
Նա ասաց, որ կա վեթինգի 2 ճանապարհ։
Առաջինը կարգապահական վարույթներ են, որը միակողմանի գործընթաց չէ։ Դրա ժամանակ մեծացվում է ուշադրությունը դատարվորների խախտումների նկատմամբ ու դա անելու համար ներգրավվում են ավելի շատ աշխատակիցներ։ Սակայն, Անդրեասյանի խոսքով, այսպիսի վեթինգի գլխին պետք է կանգնած լինի Բարձրագույն դատական խորհուրդը։ Այսինքն՝ մի կողմը հարուցի վարույթը, իսկ մյուս կողմը՝ ԲԴԽ-ն, քննի գործն ու արդար որոշում կայացնի։ Նախարարն ասաց, որ շուտով կարող են լինել իր պաշտոնավարման ընթացքում վեթինգի առաջին դրսևորումները։
Խոսելով երկրորդ ճանապարհից, Անդրեասյանը նշեց, որ այն իրենից միանգամյա գործառույթ է ենթադրում ու այժմ ինքը քաղհասարակության գործընկերների հետ ակտիվ քննարկում է այդ հարցը։ Նա նշեց, որ այժմ նայում են՝ հնարավո՞ր է արդյոք մեր ներկայիս սահմանադրության պարագայում ունենալ վեթինգ որպես առանձին գործառույթ։

