fbpx
Կառավարություն

Կադրային ջարդ չենք ունենալու. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ պետական կառավարման համակարգում օպտիմալացում ենթադրող Կառավարության կառուցվածքի մասին օրենքի նախագիծն ընկալվել է հանրության կողմից:

«Երեկ Ազգային ժողովում այս թեմային նույնպես անդրադարձա, բայց նորից հարկ եմ համարում ընդգծել, որ մեր հիմնական խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ Սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելը, որովհետև այսօր արդեն շատ լուրջ խոցեր ենք տեսնում երկու ուղղությամբ և շատ լուրջ խնդիրներ: Այս ուղղությամբ մենք գնալու ենք շատ հավասարակշռված, հանդարտ ճանապարհով և ուզում եմ ասել, որ մենք այսպես ասած կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չենք ունենալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ըստ էության, նախարարություններն իրենց բոլոր հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում, թե այդպես շարունակելու է մնալ: «Այո կրճատումներ լինելու են, բայց այդ կրճատումները լինելու են էվոլյուցիոն տրամաբանությամբ և յուրաքանչյուր պետական ծառայող, այս նախարարությունների յուրաքանչյուր աշխատող իր շանսն է ստանալու: Մարդկանց աշխատանքի գնահատման պրոցեսը պետք է տեղի ունենա մաքսիմալ օբյեկտիվ, իհարկե անկախ որևէ հարակից գործոնից: Եվ մենք իսկապես պետք է լինենք մաքսիմալ շրջահայաց, որպեսզի պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը հասնենք որպես նպատակ: Դրա համար սա միջանկյալ լուծում է, որովհետև այդ խնդիրը մենք չենք լուծում ուղղակի նախարարությունները միավորելով և այդ խնդիրը մենք չենք կարող լուծել ուղղակի փակ աչքերով կրճատումներ իրականացնելու միջոցով: Հետևաբար, յուրաքանչյուր աշխատակցի առաջ դրվում է շատ կոնկրետ խնդիր՝ վերանայել ընդհանրապես սեփական աշխատանքի որակը, սեփական վարչության, բաժնի աշխատանքի որակը և ընդհանրապես այդ նախարարությունների, կառույցների աշխատանքի որակը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ պետք է նախարարությունների մասնագետներին լիարժեք ներգրավել պրոցեսում: «Այն մարդիկ, ովքեր ազդակիր են, պետք է ներգրավել գործընթացի մեջ, բայց կրկին եմ ասում, այս գործընթացի մեջ որևէ նեգատիվ տրամադրվածություն պետք է չլինի, որևէ անձ, անհատ, խումբ, վարչություն չպետք է սա ընկալի որպես իր դեմ արվող գործողություն: Արդեն ասացի, թե սա ինչ տրամաբանությամբ է արվում և յուրաքանչյուրն ունենալու է իր շանսը և յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ինքն է որոշելու, այդ շանսից օգտվում է, թե ոչ: Այս պրոցեսի արդյունքում պետական կառավարման համակարգում պետք է մնան լավագույնները, այլ տարբերակ մենք ուղղակի չունենք»,- ասաց վարչապետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ