Առավոտյան Ռուսաստանի Կալուգայի մարզում տեղի ունեցած ավտոպատահարի տուժողների մեջ կա առնվազն մեկ հայ: Այս մասին հայտնի է դարձել ռուսական ցանցային հարթակներից մեկի հրապարակումից, որտեղ ներկայացված են ավտոբուսի ուղևորների մի մասի անունները:
Ավտոբուսի մեջ են եղել Սոֆյա Առաքելյանն ու նրա մայրը, ում անունը չի հրապարակվել: Աղջկա ու նրա մոր ճակատագիրն անհայտ է: Ենթադրվում է, որ Սոֆյան մանկական ֆիլհարմոնիկ անսամբլի անդամներից է եղել: Անսամբլը մեկնում էր այլ բնակավայր՝ համերգի համար:
Տրանսպորտային պատահարի հետևանքով ավտոբուսը դուրս էր ընկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչի պատճառով ուղևորների մի մասը արգելափակվել էր նստարանների միջև ընկած հատվածներում, ինչի հետևանքով նրանց փրկարարական աշխատանքները դանդաղ են ընթացել:
Ուղևորներից 7-ը զոհվել են պատահարի պատճառով, նրանցից 4-ը եղել են երեխաներ: Միջադեպի մանրամասները դեռ վերջնականապես չեն պարզվել, բայց քրեական գործը հարուցվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հատկանիշներով:
Հայտնում է shantnews.am-ը։