Կամբոջայի Գիտությունների ակադեմիայի Արվեստի և մշակույթի ինստիտուտի հնագետները հայտնաբերել են երկրի արևելքում՝ Կրատյեհ նահանգում, VI-IX դարերի ավելի քան 100 հնագույն հնդուական տաճարներ։ Այս մասին հաղորդում է Phnom Penh Post-ը:
Հայտնաբերված 100 տաճարներից և ոչ մեկն ավելի վաղ հայտնի չէր, ասվում է հաղորդագրության մեջ. ոչ XX դարի սկզբում ֆրանսիական հնագիտական արշավախումբը, ոչ ավելի ուշ ժամանակաշրջանի կամբոջական ուսումնասիրությունները չեն գրանցել այդ գտածոներն այդ վայրերում, որոնք հիմնականում Չենլա կայսրության ժամանակաշրջանի կառույցներ են:
«1902-1911 թթ. Ֆրանսիացիները հայտնաբերել էին այդ վայրերում ավելի քան 10 հնագույն տաճարների փլատակները: Նահանգի մշակույթի բաժնի արշավախումբն այնուհետև հայտնաբերել էր ևս 50 տաճարների մնացորդները: Իսկ մեզ հաջողվել է գտնել այստեղ 100 հնագույն տաճարներ»,-պարբերականին հայտնել է Ինստիտուտի փոխտնօրեն և հնագիտական արշավախմբի ղեկավար Թհոի Չանթհունը: Նա հավելել է, որ հայտնաբերված տաճարները նվիրված են բրահմայական և հնդուական աստվածներին, քանի որ Չենլա կայսրության ժամանակաշրջանում գերիշխող կրոնը վաղ հինդուիզմն էր: Արշավախմբի ղեկավարը հայտնել է թերթին, որ Ինստիտուտը մշակում է ծրագիր հայտնաբերված հնագիտական հուշարձաններից յուրաքանչյուրն ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու ուղղությամբ, որը կիրագործվի մի քանի տարիների ընթացքում:
Չենլա պետությունն իր ծաղկման ժամանակ զբաղեցրել է ժամանակակից Կամբոջայի, Լաոսի, Թաիլանդի և Վիետնամի զգալի տարածքները: Մ.թ. IX դարում Չենլան գրավվել էր Անգքոր կայսրության կողմից, որը գոյություն ուներ մինչև XIV դարը և իր փլուզումից հետո սկիզբ էր տվել նոր ինքնուրույն պետությունների զարգացմանն, որոնք ձևավորվել էին այդ տարածքում:
Հենց Չենլայի թագավորներն էին Հարավարևելյան Ասիայի պատմության մեջ առաջին անգամ ընդունել և տարածել իրենց կալվածքներում միապետ-կուռքի հին հնդկական հայեցակարգը, հնդուական Վիշնու աստծո և նրա երկրային ավատար Ռամայի մարմնացումը, որն այնուհետև դարձել էր Անգքորի հիմնական գաղափարախոսությունն ու հասել մինչև մեր օրերը Հարավ-Արևելյան Ասիայի հետանգքորյան միապետությունների թագավորական ծիսակարգերում՝ Կամբոջայում, Սիամեում, որը ներկայիս Թաիլանդն է, և Լաոսում, որն ուներ թագավորության կարգավիճակ մինչև 1975 թվականը: