ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են:
«Հայաստանում դաշտը կարելի է բաժանել երկու մասի: Մարդիկ, ովքեր շահագրգռված են, որ կորոնավիրուսի վարակը հնարավորինս տարածվի ու վատ ընթացք ստանա, դրանք հայտնի քաղաքական շրջանակներն են, բայց ես ուզում եմ ասել, որ այդ շրջանակները կորոնավիրուսի համավարակի ավարտի հետ ավարտվելու են»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ պետությունը գնում է ճիշտ ճանապարհով։ Նրա խոսքով՝ հակահամաճարակային կանոնների պահպանման կոչերը հանրության կողմից պետք է լսելի լինեն ավելի ու ավելի շատ։ Նիկոլ Փաշինյանը մեծ գոհունակությամբ է ընդգծել, որ հակահամաճարակային շարժում սկսելու իրենց կոչերը նույնպես որոշակի արձագանք են ստացել։
«Հույս ունեմ, որ կձևավորվեն կամավորների մաքսիմում 2 հոգանոց խմբեր, ովքեր հակահամաճարակային կանոնները պահպանելով՝ մեր մյուս քաղաքացիներին կիրազեկեն դրանք պահպանելու մասին։ Նրանք կմտնեն տարբեր բակեր, փողոցներ, շուկաներ և մեր քաղաքացիներին, առանց որևէ կոնֆլիկտային իրավիճակ հրահրելու, առանց հանդիմանելու կհորդորեն պահել կանոնները»,- հավելել է վարչապետը:
Ճեպազրույցին մանսակցել է նաև նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով վարակված անձանցից 403-ի վիճակը ծանր է, 94-ինը՝ ծայրահեղ ծանր։
«Թիվը վերջին օրերին կարծես թե կայուն է, ինչը մի կողմից լավ է, սակայն, միևնույն ժամանակ, բացարձակ թվով շատ բարձր է։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը քչանա, իսկ դրան կարող ենք հասնել ընդհանուր թվի քչացման արդյունքում»,– նշել Արսեն Թորոսյանը։
Նախարարի տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետությունում ծավալման աշխատանքների արդյունքում կավելացվի մոտ 350 սովորական և ռեանիմացիոն մահճակալ, ինչը 15 տոկոսով ավելին է, քան այսօր գործում է։
«Մենք արդեն տեղեկացրել ենք, որ տեղի են ունենում ծավալման նոր աշխատանքներ։ Անհրաժեշտ է ծավալման երկրորդ փուլ, մենք արդեն ունեցել ենք առաջինը, որն անկախ Հայաստանի պատմության ընթացքում աննախադեպ է եղել։ Առողջապահական համակարգը նման մոբիլիզացիա երբեք չի ունեցել։ Ծավալված այն 2000 մահճակալներից որոշները ծավալվել են զրոյից, նույնիսկ չօգտագործվող շենքային պայմաններում»,- ասել է Թորոսյանը։