fbpx
Հասարակություն

Կապանցիները Ծառուկյանի ընկերությանն առաջարկել են փոխել արտադրամասի վայրը

«Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կողմից Կապանում ցեմենտի աղացման արտադրամաս կառուցելու հանրային երրորդ լսումը Կապանի համյանքապետարանում այսօր կրկին չկայացավ: Սա երրորդ լսման չկայացման արդեն չորրորդ դեպքն է, սակայն, ի տարբերություն նախորդ անգամների, այսօր քաղաքացիական հատվածի ներկայացուցիչները և ընկերությունը համաձայնել էին ուղղակի քննարկում անցկացնել, որը չի արձանագրվել որպես հանրային սլում:

Քննարկման մասնակիցներից Դավիթ Հակոբյանն ասում է, որ իրենք միայն այդ պայմանով են համաձայնել բացել համայնքապետարանի դահլիճի մուտքը, որտեղ կայացել է քննարկումը: Նրա փոխանցմամբ՝ քննարկվել է ընկերության կառուցած արտադրամասի շինության ապօրինի լինելու հարցը, բնապահպանական ռիսկերը:

Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն Կապանում ցեմենտի արտադրամաս է կառուցել: Սա այն պարագայում, երբ ընկերության՝ շրջակա միջավայրի վրա ունեցած նախնական գնահատման հայտի հանրային 4 լսումները դեռ չեն ավարտվել, որից հետո միայն բնապահպանության նախարարությունը եզրակացություն պիտի տա:

Այսօրվա քննարկման մասնակիցներից «Կապանի քաղաքացիական հասարակություն» շարժման անդամ Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ փորձել են ՓԲԸ-ի ներկայացուցիչներին ուղղել իրենց անհանգստացնող հարցերը՝ ընդհանուր իրավիճակը հասկանալու համար:

Հովհաննիսյանի ասելով՝ եթե հանրային լսումը կայանար, անդառնալի հետևանքներ էր ունենալու, քանի որ հանրության ներկայացուցիչների համար դեռևս շատ անհասկանալի հարցեր կան: Հարցին, թե ընկերության ներկայացուցիչները կարողացա՞ն համոզել, թե ինչու պետք է գործարկվի արտադրամասը, Է. Հովհաննիսյանը պատասխանեց. «Իմ անունից կարող եմ ասել, թե ինչ տպավորություն ստացա այսօրվա քննարկումից: Թեկուզ տրված հարցերին հնչում էին պատասխաններ, սակայն, այնուամենայնիվ, դրանք բավարար համոզիչ չէին, թե որևէ էկոլոգիական խնդիր չկա»:

Ընկերությունն, ըստ մեր զրուցակցի, հակափաստարկներ է բերել բնապահպանական ռիսկերի վերաբերյալ՝ նշելով, որ փոշու կոնցենտրացիան օրենքով ամրագրված թույլատրելի սահմաններում է լինելու: Սակայն սա, Կապանի բնակչի փոխանցմամբ, կասկածի տեղիք է տալիս: «Թեկուզ օրենքով կարող է ամրագրված լինել, և սառը թվաբանական գործողությունների արդյունքում ցույց են տալիս, թե իբր այդ սահմանաչափերը չեն անցնելու, ըստ մեզ, դրանք պարզապես բարի կամքի դրսևորումներ են, լավագույն ցանկություններ, որովհետև այսօր տեսնում ենք, որ գործ ունենք այնպիսի իրավիճակների հետ, երբ նմանատիպ նախաձեռնությունները միշտ գալիս հանգում են բարի կամքին, իսկ արդյունքում ուրիշ բան է ստացվում»,- նկատում է Էդգար Հովհաննիսյանը:

Կապանցի ակտիվիտսը նաև նշում է, որ մարզկենտրոնը բնապահպանական առումով բավականին ծանրաբեռնված է, և նման արտադրամասերի գործունեությունը հնարավորինս պետք է բացառել կամ ունենալ այնպիսի արտադրություններ, որոնք բնապահպանական նոր ռիսկեր չեն ավելացնի:

Հանրային հատվածը ներկայացնող մասնակիցները քննարկման ժամանակ առաջարկ են արել ընկերությանը արտադրամասի վայրը փոխել: Հիշեցնենք, որ արտադրամասը գտնվում է Կապանի օդանավակայանից հարևանությամբ՝ Երևան-Մեղրի միջեպատական ճանապարհի աջ կողմում:

«Արարատցեմենտի» ներկայացուցիչների արձագանքն առաջարկի վերաբերյալ բացասական է եղել: «Որպես իրավաբան՝ կարծում եմ, որ այդ կառույցն ինքնակամ է, և ավելին՝ այն օրինականացման ենթակա չէ»,- նշում է Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ հնարավոր փոխզիջումային տարբերակ կարող է լինել արտադրամասի վայրի փոփոխությունը: Էդգար Հովհաննիսյանի խոսքով՝ իրենք հետամուտ են լինելու ամբողջ գործընթացին:

Հիշեցնենք, որ  «Մուլտի Գրուպ» կոնցեռնի («Արարատցեմենտն» այս կոնցեռնի մաս է) փոխտնօրեն Արայիկ Կեսոյանը Կապանի բնակիչների կողմից երրորդ լսումը 2 անգամ տապալելուց հետո ասել էր, թե համյանքապետարանը չի ապահովել դրա կայացումը՝ դրանով իսկ օրենք խախտելով: Այս հայտարարությունից հետո, փաստորեն, երրորդ լսումը ևս երկու անգամ չի կայանում:

Այսօր, սակայն, ընկերությունը ոչ միայն չի մեղադրել համայքապետարանին, այլև երկխոսության համար շնորհակալություն է հայտնել կառույցին և հանրային հատվածի ներկայացուցիչներին, քանի որ հնարավորություն է եղել քննարկման միջոցով լսել բարձրացված հարցերն ու ներկայացնել փաստարկներ: Այս մասին մեզ հայտնել է Կապանի համայնքապետարանի տնտեսական զարգացման և արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը: Նրա փոխանցմամբ՝ քննարկմանը որոշվել է, որ հանրային երրորդ լսումը տեղի կունենա առաջիկայում՝ սեղմ ժամկետներում:

Հիշեցնենք նաև, որ «Արարատցեմենտի» կապանյան արտադրամասի  կառուցման առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Գործը, սակայն, անմիջականորեն ընկերությանը չի վերաբերում:

Աղբյուր՝ hetq.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ