Ղարաբաղյան հարցի վերաբերյալ որոշում պետք է կայացնեն հակամարտող կողմերը: Հունիսի 11-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցը լինելով և Ադրբեջանի հետ սերտ կապեր ունենալով, նշանակալի դեր է խաղում միջնորդական առաքելությունում, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ շրջանակում, որտեղ բոլոր գործողությունները համակարգվում են մյուս գործընկերների հետ, սակայն Մոսկվան չի կարող որևէ կողմի դիրքորոշումը պաշտպանել:
«Ռուսաստանը հանդես է գալիս էսկալացիա չլինելու օգտին, ինչպես նաև կողմ է ինտենսիվ բանակցությունների կարգավորմանը: Դրա դրսևորումներից է նաև վերջերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Բաքվից և Երևանից գործընկերների հետ, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պարբերական այցերը տարածաշրջան: Մենք մեր կողմից օգտագործում ենք բոլոր հնարավորությունները, սակայն ամեն ինչ մեզանից կախված չէ», – ասաց դեսպանը:
Սերգեյ Կոպիրկինը հիշեցրեց, որ Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին և միշտ դեմ է այնպիսի իրավիճակների ստեղծմանը, որոնք էսկալացիայի ուղով գնալու ցանկությունը կառաջացնեն: