Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Միջազգային դատարանի որոշմանը, որը պարտավորեցնում էր Ադրբեջանին ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Նա ընդգծել է, որ պատմական դասերը ցույց են տալիս, որ նման մոտեցումները հաճախ չեն հանգեցնում ցանկալի արդյունքների։ Վարչապետը կոչ է արել դասեր քաղել անցյալի սխալներից և խուսափել այն ճանապարհներից, որոնք կարող են հայ ժողովրդին դատապարտել նահատակի կամ գոյատևողի ճակատագրի։
Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ իշխանությունները չեն դիմում Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանին պատժելու պահանջով, Փաշինյանը նշել է, որ նման քայլերը կարող են Հայաստանի և հայ ժողովրդի մանրադրամացման պատճառ դառնալ միջազգային քաղաքականության մեջ։ Նա ընդգծել է, որ «այդ ճանապարհը մի ճանապարհ է, որը մեզ դնելու է մի վիճակում, որ մենք Խրիմյան Հայրիկի նման թղթե շերեփն առած՝ ընկնենք դռնեդուռ եւ մեծ ու փոքր տերությունների առաջ լացուկոծով զբաղվենք, որը կբերի ինչի՞, որ բոլորը մեզ կօգտագործեն սեփական նպատակների համար։ Այսինքն՝ այն ճանապարհը, որը դուք ասում եք, դա հայ ժողովրդի եւ Հայաստանի մանրադրամացման ճանապարհն է միջազգային քաղաքականության ու դիվանագիտության մեջ»։
Նշենք, որ այս նենգ մանիպուլյացիաների միջոցով ՀՀ վարչապետն առաջարկում է հայ ժողովրդին հրաժարվել իր օրինական իրավունքներից։ Ըստ Փաշինյանի՝ պետական շահը դա այն է, երբ չունես ազգային ու պետական շահեր եւ, հետեւաբար, կարիք չունես ջանքեր գործադրել դրանք պաշտպանելու համար։

