fbpx
Կառավարություն

Կառավարությունն առաջարկեց երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը

ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, և նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում ԻԻՀ-ից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Առաջարկում ենք, ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով, երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև այս տարվա հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն և վերջնական գնահատական տալ մեխանիզմի մրցակցային ազդեցությանն ու նաև հասկանալ, թե ՀՀ երկարաժամկետ մրցակցային տեսանկյունից ինչ ազդեցություն է տալիս նախագիծը»,-ասաց Ավանեսյանը:

Ներկայացնելով վիճակագրությունը՝ Ավանեսյանը նշեց, որ եթե 2018թ. Իրանից ցեմենտի ներմուծման ծավալն ամսական մոտավորապես 19 հազար տոննա էր, այժմ նվազել է՝ դառնալով 16 ութ հարյուր տոննա, դրա փոխարեն երեք անգամ ավելացել է կլինկերի ներմուծումը:

Նշենք, որ ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքը գործում է մինչև 2020թ. ապրիլի 1-ը:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ