fbpx
Կառավարություն

Կառավարությունը 200 մլն դրամով ավելացրել է 2022 թ. մարզական ֆեդերացիաներին հատկացվող ֆինանսական միջոցները

ՀՀ կառավարությունը մայիսի 26-ին կայացած նիստում հավանության է արժանացրել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Այս նախագծով ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի հաստատված բյուջեն կավելացվի 200 մլն դրամով՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին: Այն բխում է 2022 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին պատշաճ մասնակցության և մարզիկների լավագույն մարզավիճակի ապահովման համար ՀՀ մարզական ֆեդերացիաներին լրացուցիչ գումար տրամադրելու անհրաժեշտությունից:

Մասնավորապես, ֆինանսական միջոցներ են հատկացվելու Հայաստանի ըմբշամարտի, ծանրամարտի, բռնցքամարտի, մարմնամարզության, ձյուդոյի, բասկետբոլի, հրաձգության, սուսերամարտի, թենիսի և վոլեյբոլի ֆեդերացիաներին, ինչպես նաև «Լողի հայկական դաշնություն» ՀԿ-ին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը զեկուցել է՝ լրացուցիչ ֆինանսավորմամբ ֆեդերացիաները Հայաստանի Հանրապետությունում կկազմակերպեն միջազգային մրցաշարեր և առաջնություններ, Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույնս նախապատրաստվելու համար կկազմակերպեն ուսումնամարզական հավաքներ, այդ թվում՝ համատեղ ուսումնամարզական հավաքներ այլ երկրների հավաքականների հետ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունը բխում է նաև 3 հիմնական պատճառներից. «Մենք մեր օրակարգը պետք է համապատասխանեցնենք միջազգայինի հետ: Միջազգային մի շարք առաջնություններ են ավելացել, մասնավորապես՝ մինչև 23 տարեկանների և կրտսեր տարիքի պատանիների առաջնությունները, ինչի հետևանքով ավելացել է նաև ուսումնամարզական հավաքների քանակը: Սա պայմանավորված է նաև նրանով, որ 2020-2021 թվականներին նախատեսված են եղել մի շարք միջոցառումներ, որոնք կորոնավիրուսի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են և կանցկացվեն 2022 թվականին»:

Բացի դրանից՝ ֆեդերացիաները կմասնակցեն միջազգային մրցաշարերի, կավելացվի Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակիցների թիվը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ