Նոյեմբերի 14-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցեց և բացման ելույթով հանդես եկավ «Հայաստանի էներգետիկ շաբաթ 2018» միջոցառմանը։
Ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ էներգետիկ շաբաթին մեծաթիվ շահագրգիռ ընկերությունների, ներդրողների, փորձագետների մասնակցությունը վկայում է այն նշանակալի հետաքրքրության մասին, որը ձևավորվել է Հայաստանի էներգետիկայի ոլորտի նկատմամբ:
Փոխվարչապետի պաշտոնակատարը ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ՝ մեծ կարևորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակով կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը։ Սրան են ուղղված բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը ու ներդրողների հետ տարվող աշխատանքները: Ստեղծվում է հարմարավետ միջավայր էներգետիկայի ոլորտում ներդրումների համար, ինչի արդյունքում էլ ավելի կբարձրանա երկրի էներգետիկ անվտանգության և անկախության մակարդակը:
Տիգրան Ավինյանի խոսքով՝ Հայաստանում հետևում են էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային զարգացման միտումներին, որպեսզի արդյունավետ կերպով իրացվեն մեր մրցակցային առավելությունները և տարածաշրջանի մյուս երկրների հետ փոխշահավետ համագործակցություն հաստատվի: Խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը, նոր էներգետիկ հզորությունների ստեղծումը ուղղված են վերը նշված նպատակին: Այս առումով, շարունակվելու են Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցման ծրագրերը, որոնց գործարկումը զգալի դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության զարգացման վրա:
Կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին: Էլէներգիայի շուկայի նոր և ազատական մոդելին անցումը թույլ կտա խոշոր սպառողների, էլեկտրաէներգիայի մատակարարների և թրեյդերների մուտքը շուկա, ինչը մրցակցային միջավայրի զարգացման ու ներդրումների ներգրավման համար հիմքեր կստեղծի: Ազատական շուկայի մոդելին անցումը հնարավորություններ կստեղծի միջպետական առևտրի համար:
Փոխվարչապետի պաշտոնակատարը ընդգծեց, որ էներգախնայողությունը և էներգարդյուավետությունը ևս կառավարության քաղաքականության կարևոր ուղղություններից են: Փաստացի, էներգախնայողության մեծ ներուժ ունեն Հայաստանի տնտեսության բոլոր բնագավառները, մասնավորապես՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, բազմաբնակարան շենքերը, բյուջետային հանրային հատվածը, վառելիքաէներգետիկ բնագավառը: Անհրաժեշտ է քայլ առ քայլ ներդնել և նոր տեխնոլոգիաների կիրառմամբ ընդլայնել էներգախնայողության մշակույթը:
Վերջում Տիգրան Ավինյանը հավելեց, որ կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով:
Աղբյուր՝B24am