Կառավարություն

Կառավարությունը հաստատեց Արտաքին հետախուզության ծառայություն ստեղծելու նախագիծը

Կառավարությունը հաստատեց «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

Ներկայացված փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր Արտաքին հետախուզության ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին։

«Առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն։ Դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը։

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի Ազգային անվտանգության ծառայության գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին»,- ասաց Գրիգոր Մինասյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախագծային դրույթներով սահմանվում են ծառայության լիազորություններում կառուցվածքը, կազմավորման գործունեության ծառայողների ծառայության անցնելու, պաշտոնից ազատելու, ծառայությունը կրելու կարգն ու պայմանները, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական և սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները։

«Միաժամանակ, հարկ է նշել, որ նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզության ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից երեք տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները և ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել՝ այս գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,- ասաց Մինասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ աշխարհը փոխվում է և արտաքին հետախուզական ձևերը ու մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում, ուստի շատ կարևոր է, որ Հայաստանը կարողա իր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան։

«Այդ իմաստով , կարծում եմ, կարևոր արձանագրումներից այն է, որ տեսնում ենք՝ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը զարգանում են այնպես, որ նրանք միշտ չէ, որ ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Այս առումով որոշում ենք կայացրել, և դա նշված է Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարության մեջ. ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին»,- եզրափակեց Փաշինյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ