Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն չտվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Գևորգ Պետրոսյանի, Դավիթ Մանուկյանի, Շաքե Իսայանի և Իվետա Տոնոյանի ներկայացրած Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
«Նախագծով հնարավորություն կտրվի ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների հետ համատեղությամբ աշխատանքային պայմանագրերը կնքել որոշակի ժամկետով կամ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի ժամկետը կրճատել, եթե այդ մասին աշխատողը գրավոր միջնորդել է կամ գրավոր ձևով արտահայտված համաձայնություն է տվել:
Օրենսգրքի գործող դրույթի համաձայն՝ բոլոր դեպքերում համատեղությամբ աշխատանք կատարողների հետ կնքվում են որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր: Այսինքն՝ դրանք անորոշ ժամկետով չեն կարող կնքվել՝ անկախ աշխատողի ցանկությունից», – ասաց նախագիծը ներկայացնող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Ըստ կառավարության որոշման՝ ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողներին հնարավորություն տալ որոշելու իրենց հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի որոշակի ժամկետով լինելը կամ այդ ժամկետի կրճատելը:
«Նախագծի հիմնավորման մեջ ևս որևէ փաստ առկա չէ, թե ինչու պետք է այդ բացառությունը նախատեսել միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար», – նշեց Զարուհի Բաթոյանը: