Սպորտի բնագավառում կառավարությունը նպատակ է հետապնդում ապահովել մանկապատանեկան սպորտի զարգացումը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, մարզաձևերի ֆեդերացիաների, մարզական հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Այս մասին նշված է կառավարության ծրագրի նախագծի՝ սպորտի բաժնում։
Կառավարությունը խոստանում է, որ Ազգային օլիմպիական կոմիտեի և մարզական ֆեդերացիաների հետ կհամագործակցի սպորտի բնագավառում հայաստանցի մարզիկների հաջողությունների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ՝ այն համարելով Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացնելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հանրահռչակման արդյունավետ միջոց:
«Կառավարությունը մարզական ֆեդերացիաների և մասնավոր հատվածի հետ կհամագործակցի մարզական ենթակառուցվածքների շարունակական զարգացման ուղղությամբ»,- նշված է ծրագրում: