fbpx
Կառավարություն

Կառավարությունը փոփոխություններ կատարեց Զբաղվածության մասին օրենքի իրավական ակտեր հաստատող որոշման մեջ

Կառավարությունը որոշեց ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ.

Մասնավորապես, առաջարկվում է`

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում», «Գործազուրկների, աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելու ավարտին մինչև վեց ամիս մնացած աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» և «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրերից հանել «առնվազն երեք ամիս գործազուրկի կարգավիճակ» ունենալու պահանջը:

«Գործազուրկին այլ վայրում աշխատանքի տեղավորման աջակցության տրամադրում» ծրագրի տևողությունը սահմանել 2 տարի` 3 տարվա փոխարեն: Գործող ընթացակարգով սահմանված է երեք տարի, չնայած ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցություն տրամադրվում է երկու տարիների ընթացքում: Գործազուրկները զգուշանում են երկար ժամկետով պայմանագիր ստորագրել, հատկապես, որ ծրագրի արժեքը բավականին բարձր է և վերադարձնելը խնդիր է, արդյունքում, տարածքներում, հեռավոր և սահմանամերձ գյուղերում չի լրացվում համայնքների համար կարևոր նշանակություն ունեցող ուսուցչի, բժշկի թափուր աշխատատեղերը:

«Աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի համար գործատուի մոտ մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակներում ծրագրի շահառու դիտարկել աշխատաշուկայում անմրցունակ մայրերին` անկախ տարիքից և հանել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործելու հանգամանքը:

Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտներին և սոցիալական դեպքի վարման շրջանակներում սոցիալական աջակցության տարածքային գործակալության (բաժնի) կողմից ներկայացված անձանց ճանաչել աշխատաշուկայում անմրցունակ և հնարավորություն տալ առաջնահերթության կարգով ընդգրկվելու զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում: «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրից բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության (մանկատան) շրջանավարտների համար հանել երաշխավոր ունենալու դրույթը:

Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ստացված ֆինանսական միջոցների հետ վերադարձման պայմանը հանել: Նպատակահարմար չէ ֆինանսական միջոցների հետ վերադարձը այս խմբի անձանցից, քանի որ նրանց հետ կնքված պայմանագրերը հիմնականում դադարեցվում են առողջության վատթարացման հիմքերով: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում զբաղվածության աջակցության ծրագրերն ուղղված են այդ անձանց աշխատանքի և մասնագիտական վերականգնմանը, հասարակության մեջ ինտեգրմանը, այս առումով ծրագրերը ծառայում են այս խմբի համար նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հիմնական նպատակին:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում գործատուի մոտ աշխատանքային փորձի ձեռքբերման գործընթացը կազմակերպող մասնագետին ամսական կտրվածքով վճարել գումար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Նման կարգավորում նախատեսված է եղել նաև մինչև 2017թ.:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրում» ծրագրի շրջանակներում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի փոխհատուցումը տրամադրել մեկ տարի` 6 ամսվա փոխարեն, իսկ ուղեկցողի համար հաշմանդամություն ունեցող անձին տրամադրել դրամական օգնություն` ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար: Փոխհատուցման կարճ ժամանակահատվածը չի շահագրգռում ծրագրի իրականացման կողմ հանդիսացող գործատուին և աշխատանք փնտրողին, արդյունքում, գրանցվում է ծրագրի ցածր կատարողական: Մինչև 2017թ. ծրագրի շրջանակներում գործատուին աշխատավարձի փոխհատուցում էր տրվում 1 տարուց 2 տարի տևողությամբ, կախված ծրագրում ընդգրկված անձի հաշմանդամության խմբից: Այդ պայմաններով 2016թ. իրականացվել է 434 ծրագիր, նախատեսված 392-ի փոխարեն: 6 ամիս փոխհատուցման պայմաններով 2018թ. նախատեսված 200-ից իրականացվել ընդամենը 32-ը: Նախագծով առաջարկվում է նաև ազատազրկման վայրերից վերադարձած անմրցունակ անձանց դիտարկել որպես ծրագրի շահառու:

«Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագրում կատարվելիք փոփոխության համար հիմք է ընդունվել այն, որ իրականացման կարգով սահմանված մոնիթորինգի և գնահատման բանաձևերի հաշվարկի համար անհրաժեշտ է ունենալ տոնավաճառին մասնակցած անձանց անվանական տվյալներ, որը հնարավոր չէ ստանալ, քանի որ տոնավաճառը բաց, հանրային միջոցառում է, որին մասնակցում են ինչպես զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված, այնպես էլ չհաշվառված մեծաթիվ աշխատանք փնտրող անձինք:

Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրման ծրագրում կենդանու և թռչունների տեսակների ավելացումը պայմանավորված է գյուղական համայնքներում դրանց բուծման անհրաժեշտությամբ՝ կապված կաթնամթերքի և թռչնամսի արտադրության մեծ պահանջարկի հետ:

Զբաղվածության պետական ծրագրերով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրման կարգի և պայմանների փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2018թ. զբաղվածության բոլոր ծրագրերի ֆինանսավորման ապահովումը, փոխանցումներն իրականացվում են կենտրոնացված կարգով Զբաղվածության պետական գրասենյակի կողմից: Նախկինում հաստատված նախահաշիվների համաձայն` որոշ ծրագրերի փոխանցումներն իրականացնում էին զբաղվածության տարածքային կենտրոնները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ