Հայաստանի ու տարածաշրջանի կարևորագույն հնավայրերից մեկը՝ Երևանի Կարմիր բլուրը, շուրջ երեք տասնամյակ թաղված էր շինաղբի տակ:
«Անցյալ տարի սեպտեմբերին, երբ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ներկայացնում էր նախընտրական ծրագիրը, մի ծավալուն մաս կար հատկացված «Կարմիր բլուր»-ին: Այնտեղ շեշտվում էր, որ հնավայրը պետք է ազատվի շինարարական աղբից և դառնա հետաքրքիր մշակութային, զբոսաշրջային վայր»,-նշում է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը:
Գաղափարը միավորեց նաև տարբեր անհատների, և «Ազատենք Կարմիր բլուրը շինաղբից» քաղաքացիական նախաձեռնության շնորհիվ հանգանակված միջոցներով հնարավոր եղավ մաքրել տարածքի շուրջ 10 %-ը:
Այսօր աշխատանքները շարունակվում են Երևանի քաղաքապետարանի միջոցներով: Տարածքն ամբողջությամբ մաքրելու համար պետք է տեղափոխվի շուրջ 700 բեռնատար աղբ՝ նախնական հաշվարկից գրեթե կրկնակի ավելին:
«Մենք մտածում էինք, որ շինաղբը մոտ 1մ է խորությամբ է, սակայն աշխատանքների ընթացքում պարզվեց, որ իրականում 1.5 մետր է: Մարդիկ կառույցներ են քանդել և պարզապես բերել լցրել այստեղ»,-նշում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը:
Կարմիր բլուրից արդեն իսկ 80 բեռնատար շինաղբ է տեղափոխվել: Տեխնիկան այստեղ կաշխատի ամեն օր: Եվ որպեսզի հնագիտական շերտերը չվնասվեն՝ տեղում աշխատանքները հսկում են հնագետները:
«Մոտ մեկ ամսվա ընթացքում կունենանք ամբողջովին մաքրված Կարմիր բլուր: Արդեն 2-րդ փուլում կկատարավեն ցանկապատման և լուսավորության անցկացման աշխատանքները:»,-ընդգծում է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Սա աննախադեպ քայլ է, որովհետև անկախ Հայաստանի պատմության մեջ որևէ հուշարձան նման ծավալներով չի մաքրվել: Սա ունի նաև գաղափարական բաղադրիչ. մեր հարևան թուրքերը, տնօրինելով ուրարտական հուշարձանները և դրանք դարձնելով զբոսաշրջային կենտրոններ, ներկայացնում են դրանք որպես իրենց ժառանգության մի մասը»,-նկատում է Միքայել Բադալյանը:
Տարիներ շարունակ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընկալվում էր միայն Էրեբունի ամրոցով: Այսօր մշակվում է երեք հնավայրերի հանրահռչակման համալիր ծրագիր: