Շուտով արտասահմանյան շուկան համալրվելու է հայկական պիստակի պտուղներով։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը։
Քերոբյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Կողբավանում հիմնված «Արմեն ֆռուտ ընդ նաթ» ՍՊԸ-ին պատկանող 1100 հեկտար տարածքով պիստակի այգիներ ու ծանոթացել իրականացվող աշխատանքներին և ընկերության զարգացման պլանին։
Պաշտոնյան պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը՝ բիզնեսի զարգացման ընթացիկ խնդիրների արագ և արդյունավետ լուծման հարցում։
«Այցիս շրջանակում այցելեցի նաև Արմավիր քաղաքում գտնվող «Արմավիր ֆրութ» ՍՊԸ-ին պատկանող չրագործական ընկերություն, որն ԱՄՆ է արտահանում հայկական էկոլոգիապես մաքուր չորամրգեր։ Անցած տարի ընկերությունն արտահանել է 4 տոննա ծիրանի եւ 50 տոննա սալորաչիր», – գրել է Քերոբյանը։
Համաձայն ընկերության զարգացման պլանի՝ առաջիկայում գործարանը կընդլայնի իր գործունեությունը՝ ներդնելով շուրջ 50 թունելային վառարան, որը թույլ կտա չորամրգեր արտադրել նաեւ ներքին սպառման համար։