Մայամիից միլիոնատեր իբր այրել է Ֆրիդա Կալոյի նկարը՝ իր NFT նախագծի մեկնարկին, հայտնում է NY Post-ը:
Հուլիսին կասկածյալ գործարար Մարտին Մոբարաքը տեսանկարահանել է հոլովակ այն մասին, թե ինչպես է մարտինիի բաժակով հրկիզում Կալոյի՝ Fantasmones Siniestros նկարը: Ինչպես երևում է տեսանյութից, միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր։ Նկարի հրկիզումը, ինչպես մտածում էր միլիոնատերը, պետք է խթաներ հազվագյուտ ստեղծագործության թվային տարբերակների վաճառքը։
«Հուսով եմ, որ բոլորը կկարողանան հասկանալ այս ժեստը և դրանում ինչ-որ դրական բան կտեսնեն», – ասել է Մոբարաքը իր գործողությունների մասին:
Իր վերոնշյալ նախագծի շրջանակում գործարարը նախատեսել էր վաճառել նկարի 10 հազար օրինակ՝ հասույթը տրամադրելով Մեքսիկայի Գեղարվեստի պալատին, Ֆրիդա Կալոյի տուն թանգարանին եւ մի քանի բարեգործական կազմակերպությունների, որոնք օգնում են հիվանդ երեխաներին:
Ոստիկանությունն ուսումնասիրում է Կալոյի նկարի ոչնչացման գործը: