Բարսելոնայում ավելի քան 600 հազար մարդ երեկ դուրս է եկել փողոց՝ Իսպանիայից անկախանալու պահանջով՝ այդկերպ նշելով Կատալոնիայի ազգային օրը։ Այս մասին հայտնում է կատալոնական El Periódico-ն:
Պարբերականը նշում է, որ ցուցարարները Կատալոնիայի խորհրդարանի դիմաց «Նպատակն անկախությունն է» վանկարկմամբ այրել են Իսպանիայի դրոշը:
Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ կապյուշոնավոր անհայտ անձինք փորձել են տապալել ոստիկանական պատնեշը, նրանցից ոմանք իրավապահ մարմինների ուղղությամբ ծխացող ռումբեր և տարաներ են նետել:
Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե է անցկացվել:
Մադրիդն ի սկզբանե հանրաքվեն ոչ լեգիտիմ է ճանաչել՝ հրաժարվելով ընդունել դրա արդյունքները: Նույն թվականի հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանը վավերացրել է Կատալոնիան որպես անկախ հանրապետություն հռչակելու բանաձևը:
Ի պատասխան՝ երկրի իշխանությունները որոշել են գործի դնել Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը նախկինում երբեք չէր կիրառվել. հոդվածը հնարավորություն է տալիս սահմանափակել շրջանի ինքնավարությունը: