Հունիսի 29-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ոռոգման ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիները:
Խորհրդակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ 2021 թվականի հունիսն ուղեկցվում է աննախադեպ շոգերով, բարձր ջերմաստիճանով, ինչը իր հետ բերում է խնդիրներ առաջին հերթին ջրօգտագործման ոլորտում և ոռոգման ջրի ասպարեզում: «Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ արդեն բավականին երկար տարիներ մենք արձանագրում ենք աննախադեպ շոգի առկայությունը, ինչը նշանակում է, որ պետք է ընդունենք այն փաստը, որ սա այլևս ոչ թե առանձին վերցրած մեկ տարվա կամ մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող երևույթ է, այլ գլոբալ կլիմայական փոփոխություն, ինչը նշանակում է, որ այն խնդիրները, որ մենք ունենում ենք, մեծ հավանականությամբ լինելու են շարունակական: Այսինքն, մենք ոռոգման ջրի խնդիր ենք ունենալու և գյուղատնտեսության ոլորտում դա մեզ համար նոր մարտահրավերներ է ձևակերպում: Այսօր, իհարկե, մենք հավաքվել ենք քննարկելու մեր օպերատիվ անելիքները՝ հասկանալու համար, թե ինչ անելիքներ ունենք ընթացիկ տարվա մարտահրավերները լուծելու համար»,- ասաց Փաշինյանը:
- Կառավարությունը նախատեսում է ստեղծել առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ
- Կառավարությունը ևս 90 մոտոբլոկ և խոտհնձիչ է տրամադրել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Նա հավելեց՝ գլոբալ առումով պետք է արձանագրել, որ կլիմայական փոփոխությունները հանգեցնում են եզրակացության, որ ավանդական ոռոգումը որպես այդպիսին ապագա չունի: «Այսինքն, մեր գլոբալ ռազմավարությունը պետք է լինի գյուղատնտեսության ոլորտում կաթիլային ոռոգման և ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը: Մենք, ինչպես նախընտրական շրջանում ասել ենք, առաջիկայում պետք է խթանենք կաթիլային ոռոգման ներդրումը և այն, ինչ նախընտրական շրջանում խոստացել ենք, այդ ծրագիրը պետք է շատ արագ ներդնենք: Այսինքն, ընդհանրապես հետաձգելու և հապաղելու ժամանակ չկա»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:
Նա նշեց, որ արձանագրել են ջրամբարների կառուցման և ջրի ամբարման ծավալների մեծացման անհրաժեշտությունը, ինչը նույնպես պետք է շատ արագ սկսել: «Անհետաձգելի այդ գործընթացները՝ մեկ տասնյակից ավելի ջրամբարների շինարարության աշխատանքները, պետք է սկսել: Բայց այսօր մեր խնդիրն է հասկանալ, թե այս տարվա ընթացքում ինչ պետք է անենք, ինչպես նաև հաջորդ տարվա ընթացքում ինչ պետք է անենք, որովհետև, ցավոք սրտի, ինչքան էլ լավ աշխատենք, հնարավոր չի լինի 1-2 տարվա ընթացքում հանրապետության ամբողջ ոռոգման համակարգը փոխել, և պետք է աշխատենք այդ տրամաբանության և ռեժիմով: Հայաստանի օրենսդրությամբ որոշակի ընթացակարգեր են նախատեսված, և մենք պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ ընթացակարգերը կիրառելի, ինչպիսի որոշումներ պետք է կայացնենք և ինչպես պետք է իրագործենք այդ որոշումները, որպեսզի ոռոգման ջրով կարողանանք ապահովել մեր գյուղացիական տնտեսություններին և մեր գյուղատնտեսությունը»,- ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ գյուղատնտեսական առումով տարվա բավականին լավ մեկնարկ է նկատվում, և պետք է այնպես անել, որպեսզի մեծ խնդիրների առաջ չգան կամ այդ խնդիրները լինեն կառավարելի: