ԱՄՆ-ի դեսպանատան մոտ կայացավ Արցախի ՄԻՊ-ի նախաձեռնած ակցիան. պահանջներից մեկն Արցախին օդային միջանցքի տրամադրումն է

Ամենադիտվածներ

Ես փողկապը կվերանվիրեմ շեյխերին և շեյխուհիներն․ ավագանու անդամը նվեր էր բերել Մարությանին

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ադրբեջանի վերջին սադրիչ գործողությունների, Արցախը շրջափակելու առնչությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգներից՝ որպես ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգ առաջ մղող երկիր, ակնկալում է կոնկրետ գործողություններ: Ստեփանյանը նման տեսակետ հայտնեց ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ:

Արցախի ՄԻՊ-ն ընդգծեց, որ արդեն չորրորդ օրն է՝ Ադրբեջանը փակել է Արցախի կյանքի ճանապարհը և թույլ չի տալիս, որպեսզի կենսական կարևորության սննդամթերքի, իրերի և մարդկանց փոխադրումներ իրականացնել, ինչպես նաև երկու օր առաջ դադարեցվել է գազամատակարարումը:

Նա Ադրբեջանի այս քայլը որակեց որպես հանցավոր գործողություն և նշեց, որ իրենք արդեն երկու տարի է՝ բարձրաձայնում և դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ Միացյալ Նահանգներին՝ ասելով, որ Ադրբեջանը Արցախում իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն:

«Մենք հայտարարում ենք, որ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանական քաղաքականություն և մենք տեսնում ենք, որ այս ամենից հետո միջազգային հանրությունը փորձում է հավատալ Ադրբեջանի այսպես կոչված խոստումներին, թե իբր կարող է ապահովել Արցախում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Դա միանշանակ կեղծիք է, և այն, ինչ այսօր անում է Ադրբեջանը, այդ կեղծիքի իրական դրսևորումն է»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Նրա խոսքով ՝ այսօր հավաքվել են ևս մեկ անգամ դիմելու ԱՄՆ-ին և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորության սկզբունքին:

«Ինչպես կարող ենք պատկերացնել, որ Մարդու իրավունքների պաշտպանը չկարողանա հասնել իր ժողովրդին՝ նրա իրավունքները պաշտպանելու համար: Այս պահին ես այդ կարգավիճակում եմ, և չեմ կարողանում իրացնել իմ մանդատը, որը ինձ տրված է հենց այդ ժողովրդի կողմից: Սա դատապարտելի երևույթ է, որը պետք է արժանանա միջազգային հանրության հստակ արձագանքին և Ադրբեջանի անպատժելիությունը չպետք է շարունակվի, ի վերջո հանցագործը պետք է ենթարկվի պատժամիջոցների»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը:

Նա ընդգծեց՝ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն ունի այդ պարտավորությունը նաև որպես ԵԱԿՀ Մինսկի խմբի համանախագահող և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, պետք է իրական ռեալ քայլեր ձեռնարկի և վերջ դնի այդ անպատժելիությանը:

Բողոքի ակցիայի շրջանակում մասնակիցներին բաժանվել են սպիտակ թղթեր, որոնցով իրենք պատրաստեցին ինքնաթիռներ և, ի նշան բողոքի, նետեցին դեսպանատան տարածք:

Ըստ Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի՝ ակցիայի նպատակն էր, որպեսզի միջազգային հանրությունը օդային հումանիտար միջանցք բացի Արցախի համար, որն այսօր կենսական հարց է:

«Բացի ցամաքային միջանցքից, մենք պետք է ունենանք նաև օդային միջանցք, և սա միջազգային հանրության պարտավորությունն է»,- ընդգծեց Բեգլարյանը:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ