fbpx
Առողջապահություն

Կայացել է «Գործընկերային համագործակցություն տուբերկուլոզի և ՄԻԱՎ-ի վերաբերյալ» նիստը

Առողջապահության նախարարության (ԱՆ) ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը, ԱՆ տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի տնօրեն Լուսինե Քոչարյանը Հաագայում (Նիդերլանդների Թագավորություն) մասնակցել են տուբերկուլոզի և ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ազգային ծրագրերի ղեկավարների առաջին համատեղ խորհրդակցությանը, որի կազմակերպիչներն են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակը, հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնը, տուբերկուլոզի դեմ պայքարի KNCV հիմնադրամը:

Խորհրդակցության շրջանակում կայացել է «Գործընկերային համագործակցություն տուբերկուլոզի և ՄԻԱՎ-ի վերաբերյալ» նիստը, որը համավարել է Սամվել Գրիգորյանը։ Նիստի ժամանակ ներկայացվել են ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակի համաճարակային իրավիճակը, խնդրին առնչվող առկա տարածաշրջանային մոտեցումները, առողջապահական համակարգի և պացիենտների տեսանկյուններից ՏԲ/ՄԻԱՎ ծառայությունների արդյունավետ համագործակցության խոչընդոտները, քննարկվել են դրանց հաղթահարման ուղիները։ Զեկուցողները ներկայացրել են իրենց երկրներում ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակին հակազդման, մինչև 2020 և 2030 թվականները նախանշված թիրախներին հասնելու իրենց փորձը, այդ ուղղությամբ առաջընթացն ու հաջողությունները։

Լուսինե Քոչարյանը զուգահեռ նիստերից մեկում ներկայացրել է Հայաստանում տուբերկուլոզի ու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծրագրերի արդյունավետ համագործակցության փորձը, այդ թվում՝ տվյալների կառավարման և հաշվետվողականության հարցերում։

ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրենը մասնակցել է նաև ՄԻԱՎ վարակի խնդրի բարձր առաջնահերթությամբ եվրոպական երկրների ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ծրագրերի ղեկավարների տարածաշրջանային խորհրդակցությանը, որի նպատակն էր իրականացնել մինչև 2020թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հատուկ նիստին սահմանված թիրախներին հասնելու համար ՄԻԱՎ վարակին առնչվող ԱՀԿ-ի վերջին առաջարկությունների, ազգային ծրագրերի առաջընթացի վերլուծություն՝ շեշտադրելով ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի երկրներում ՄԻԱՎ վարակի դեմ պայքարի ճանապարհային քարտեզների կիրառումը: Նպատակներից էր նաև տարածաշրջանում 2019-2020թթ. ՄԻԱՎ վարակին և ՏԲ/ՄԻԱՎ համակցված վարակին հակազդման գործողությունների համակարգումն ու ծրագրային բացերի լրացման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցության քննարկումը:

Ճանապարհային քարտեզների և համաճարակին հակազդման արագացմանն ուղղված երկրների քաղաքականությանը նվիրված նիստի ժամանակ Սամվել Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում 2017-2021թթ. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման պետական նպատակային ծրագրի թիրախներին ու սահմանված ցուցանիշներին հասանելիությունը, այդ թվում՝ 90-90-90 թիրախներին հասնելու ընթացքը, որով Հայաստանն առաջատար դիրքերում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Սամվել Գրիգորյանը խոսել է մեր երկրի լավագույն փորձի, այդ թվում՝ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացման մասին, ինչը վավերացվել է ԱՀԿ-ի կողմից 2016 թվականին ու վերահաստատվել 2018-ին: Նա ներկայացրել է նաև ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, վերարտադրողական առողջության և տուբերկուլոզի ծառայությունների սերտ համագործակցության շնորհիվ արձանագրված արդյունքները: Ձեռքբերումների թվում են հակառետրովիրուսային դեղերի (ՀՌՎ) գնման արդյունավետ համակարգի ներդրումը, ՀՌՎ դեղերի բացակայության պատճառով բուժման ընդհատումների բացակայությունը: Հայաստանը տարածաշրջանի եզակի երկրերից է, որտեղ, գործադրված հսկայական ջանքերի շնորհիվ, բուժման ներդրումից ի վեր դեղերի տրամադրման ընդհատումներ չեն եղել: Նա նաև խոսել է աշխատանքային միգրանտների շրջանում իրականացվող ծրագրերի, ՁԻԱՀ-ի կենտրոնի շարժական կլինիկաներում տրամադրվող ծառայությունների, դրանց՝ ՄԻԱՎ վարակի վաղ հայտնաբերման, ժամանակին բուժումը սկսելու և 90-90-90 թիրախներին հասնելու հարցում ունեցած ներդրման մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ